Բյուջեից սնվող քրեաչինովնիկական համակարգը. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանն ու իր «հեղափոխական թիմն» ամենաշատը կատաղում են այն մեղադրանքներից, որ իրենց կառավարման 5 տարիների ընթացքում իշխանական համակարգում կոռուպցիայի և տարբեր այլանդակությունների առումով առանձնապես բան չի փոխվել։ Կատաղում են, քանի որ նրանց «բրենդն» ու իշխանության հիմքը հենց «հեղափոխական փոփոխություններն» են, ու հենց որ այդ փուչիկը պայթի՝ համաժողովրդական ցասման հաջորդ հեղեղն իրենց է քշելու։ Ընդ որում՝ նրանց այս կատաղությունը մասնակիորեն արդարացված է, որովհետև ինչ-որ բաներ այնուամենայնիվ փոխվել են։ Թե կոնկրետ ինչը՝ փորձենք հասկանալ։
Առաջին հերթին փոխվել է իշխանական հանցավոր համակարգի ֆինանսավորման աղբյուրը։ «Նախանիկոլյան» իշխանական համակարգը գործում էր հետևյալ տրամաբանությամբ՝ քարոզչամիջոցներով լվանալ մարդկանց ուղեղները, տարբեր բանդաների միջոցով ահաբեկել առավել ըմբոստներին ու ճնշել բողոքի ակցիաները, կոռուպցիոն սխեմաներով միլիարդներ կուտակել, ընտրակեղծիքներով պահպանել իշխանությունը և բացառել այդ ճանապարհով իշխանափոխության ցանկացած հնարավորություն։ Այս ամենը պահանջում էր բավականին մեծ ստվերային բյուջե, և բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց թալանածի մի մասը հատկացնում էին դրան։ Նիկոլական իշխանական համակարգն ընդհանուր գծերով պահպանել է այդ տրամաբանությունն ու նպատակները, բայց ամեն ինչ իրականացնում է ոչ թե սեփական գրպանի, այլ բյուջեի հաշվին։
Օրինակ՝ նախկինում շատ լուրջ դերակատարում ունեին օլիգարխների բանդաները, և ամեն օլիգարխ առատորեն վարձատրում էր բանդայի անդամներին, իսկ հիմա այդ դերակատարումը ստանձնել են իրավապահները, պարեկները և այլն։ Սրանք ըստ էության նույն գործն են անում՝ հենց ոստիկանական բաժանմունքներում կարող են մի քանի տասնյակ հոգով «քացու տակ քցել» որևէ մեկին, մի ուրիշի վրա ծխախոտ հանգցնել և այդպես շարունակ, պարզապես դրա համար առատորեն վարձատրվում են ոչ թե «պատվիրատուի գրպանից», այլ բյուջեից։ Չէ, մեկ-մեկ, իհարկե, ուրիշ բաներ էլ են անում, բայց դրա լավագույն գնահատականը վերջերս տվեց մի տաքսիստ՝ «հենց որ պարեկ ես տենում, պիտի արագի մեջ զանգես, միլիցա կանչես»։ Կամ, ասենք, նախկինում իշխանությունները քարոզչության վրա հսկայական գումարներ էին ծախսում՝ թաքուն ֆինանսավորելով իբր անկախ լրատվամիջոցները, գնելով իբր ընդդիմադիրների մեծ մասին ու հարյուրավոր ֆեյքեր պահելով, իսկ հիմա մարդկանց ուղեղների լվացումն իրականացվում է համարյա բացառապես բյուջեի հաշվին (Հ1, ֆեյքերի ՊՈԱԿ և այլն)։ Առաջ իշխանություններն իրենց թալանածից ծրարներով «թուլափայ» էին բաժանում առավել աչքի ընկած թիմակիցներին, իսկ հիմա նույնն արվում է շատ ավելի մեծ ծավալներով, բայց՝ բյուջեից, աշխատավարձերի ու պարգևավճարների ձևով։ Առաջ բարձրաստիճան պաշտոնյաները կյանքը վայելում էին «սեփական գրպանի հաշվին», հիմա՝ բյուջեի միջոցներով։
Փոխվել է նաև ընտրակեղծիքների համակարգը։ Հիմքում էլի նույն խաբեությունն է, բայց առաջ ավելի «ազնվորեն» էին խաբում՝ ձայնի համար առաջարկում էին, ասենք, 10 հազար դրամ, ընտրողն էլ շատ լավ գիտեր, որ ամեն 10 հազար դրամի դիմաց տվողը հետո պետությունից 10 հազար դոլար է քերելու, և ընտրում էր՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել։ Հիմա 10 հազար դրամ չի առաջարկվում, փոխարենը՝ խաբում են, թե «հեսա քյաբաբ առ քյաբաբ թալանը վերադարձնելու են, ու ամեն մեկի կյանքը 10 հազար դոլարի չափով լավանալու է»։ Առաջ քաղաքական «հաճախորդներին» թաքուն ֆինանսավորում էին կամ մանր-մունր պաշտոններ տալիս, հիմա անունը դնում են «կառուցողական ընդդիմություն» ու բյուջեից առատորեն վարձատրվող պաշտոնների նշանակում կամ այլ կերպ աջակցում՝ դարձյալ բյուջեի հաշվին։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: