Դավթյան. Քոչարյանի պաշտպանները գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունեն
Ես շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի հայտարարություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրվող հանցանքների պահին ՀՀ նախագահ հանդիսացած անձը, այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախորդ նիստում մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատավորին ուղղված այն հորդորին, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու իր արարքի համար, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«...Ես կարծում եմ, որ սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին, եւ ժողովրդական այն անվիճելի խոսքի մասին, որ այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու»,- հավելեց Դավթյանը:
Հարցին՝ Քոչարյանի այս հայտարարությունը ճնշում դիտարկո՞ւմ են, գլխավոր դատախազը պատասխանեց, որ պաշտպանական կողմը դա անում է նիստն ակնհայտ ձգձգելու համար.
«Դուք նկատում եք պաշտպանական տակտիկայի այդ կազմակերպվածությունը նիստերի ընթացքում, ասուլիսներ հրավիրելու, ամենատարբեր տեղեկատվական հոսքերով բարոյական-հոգեբանական ճնշումներ ներկայացնելու: Բայց այդ արտահայտությունը, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու որեւէ հանցանք կամ իրավախախտում կատարելու դեպքում, ապա որեւէ պաշտոնյա, որը բարեխղճորեն իր պարտքն է կատարել, անհանգստանալու կարիք չունի։ Հույս ունենք, որ մեր դատավորն էլ այդ բարոյական եւ հոգեբանական ճնշումներին չի ենթարկվի՝ վստահ լինելով, որ ՀՀ-ում դատավորը պաշտպանված է»,- ասաց Դավթյանը:
Հարցին՝ ըստ ձեզ դատավորը հիմա բարեխղճորե՞ն է կատարում իր պարտականությունները, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ դատարանն այս պահի դրությամբ եթե որեւէ խախտում թույլ տված լիներ, ապա դատախազությունն իր դիրքորոշումն արտահայտած կլիներ.
«Ակնհայտ է, որ բարդ է․ ես նիստերի դահլիճում էլ հայտարարեցի, որ պաշտպանության կողմը գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունի»։
Հարցին, թե ո՞րը կարող է լինել ձգձգելու նպատակը, Դավթյանն ասաց, որ ինքը կարող է դրա վերաբերյալ ենթադրություններ անել, որոնք միայն ենթադրություններ կլինեն, ուստի այդ մասին ինքը չի խոսի.
«Բայց միտումն ակնհայտ է․ եթե դուք նկատեցիք, նախորդ նիստը, որ տեւեց շուրջ երկուսուկես ժամ, հարց ու պատասխանի էր վերածվել այն դեպքում, երբ առնվազն պրոֆեսիոնալ իրավաբաններիս համար ակնհայտ է գործի քննության ընթացակարգը։ Յուրաքանչյուրս, դառնալով դատախազ կամ փաստաբան, պետք է իմանանք, թե որ պահին ասելու եւ որ պահին լսելու իրավունք կամ պարտականություն ունենք։ Շուրջ երկուսուկես-երեք ժամ այդ հարցի վերաբերյալ քննարկում ծավալելը ինչի՞ մասին է վկայում»,-ասաց Դավթյանը։
Վերջինս անդրադառնալով այսօր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած հերթական ինքնաբացարկի միջնորդությանը՝ նկատեց, որ երեկվա ծավալված քննարկման վերաբերյալ պաշտպանական կողմն այսօր է որոշել դատավորին բացարկ հայտնել.
«Գուցե հիմա հետ գանք, եւ պարզվի, որ հիմա էլ դատարանի կողմից այդ որոշումը հրապարակելու ձեւն է հիմք հանդիսանում ինքնաբացարկի համար»,- ասաց Դավթյանը։
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Դավթյանը վստահ է, որ դատախազությունում Ռոբերտ Քոչարյանի հետ կապեր չկան, քանի որ շատերի պնդմամբ՝ տեւական ժամանակ Մարտի 1-ի գործով դատախազությունն անգործություն է դրսեւորել, Դավթյանը պատասխանեց.
«Դատախազությունն ապացույցներն ըստ էության գնահատող գործառույթ ունեցող մարմին է, այլ ոչ թե ապացույց ձեռք բերող: Մարտի 1-ի գործով որ պահին ինչ ապացույց ձեռք է բերվել, դա գնահատվել է»:
Դիրտակմանը, որ ըստ մեղադրանքի՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ապացույցները կեղծել է, Դավթյանը պատասխեց․
«Իսկ դրա մասին դատախազությունն իմացե՞լ է, այդ փաստը պարզվեց այն ժամանակ, երբ հարուցվեց քրեական գործ»։