«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Դժբախտ-դժգույն ճանապարհ էր. «ՉԻ»

Դժբախտ-դժգույն ճանապարհ էր. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Ադրբեջանցիները Շուշիի մոտ կրկին փակել են ճանապարհը, ընդ որում՝ այս անգամ կարծես թե ավելի հիմնավորապես։ Համենայն դեպս՝ ճանապարհի մոտ նաև վրաններ են տեղադրել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը երևի շարունակում է «չհասկանալ», թե ի՞նչ տարբերություն՝ ադրբեջանական զորքը կգրավե՞ր Շուշին, թե՞ քաղաքը կմնար Արցախի վերահսկողության ներքո, բայց ադրբեջանցի փախստականներն իրավունք կունենային վերադառնալ այնտեղ։ Մարդը համառորեն տարբերությունը չի հասկանում, թեև թշնամին, հայտնի անեկդոտի պես, ամեն անգամ «տարբերությունը հանում-կոխում է աչքը»։ 

Փոխարենը նույն օրը նույն ժամին Նիկոլ Փաշինյանը Երևանում տեսական դատողություններ էր անում այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի հայությանը դատապարտել ցեղասպանության՝ երեք ուղղություններով և մեթոդներով։ Պատկերացնո՞ւմ եք՝ բժշկի ախմախ սխալների պատճառով հիվանդը հայտնվի մահամերձ վիճակում, իսկ նույն բժիշկը դեմքի խրոխտ արտահայտությամբ միջազգային ֆորումում դասախոսություն կարդա այն մասին, որ նման դեպքերում էֆթանազիայի երեք ձևեր կան՝ կարելի է թույն ներարկել հիվանդին, մուրճով հարվածել գլխին կամ պարզապես փակել թթվածնի ծորակը․․․ 

Լավ, իսկ կոնկրետ ի՞նչ է տեղի ունենում Լաչինի միջանցքում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը հետևողականորեն կոնկրետ ծրագիր է իրականացնում, ռուս խաղաղապահներն էլ առանձնապես դեմ չեն։ Այն պարզ պատճառով, որ Արցախում նրանց ոչ թե հանդարտ իրավիճակ է պետք, այլ հնարավորինս վերահսկելի լարվածություն, որպեսզի արդարացվի և հիմնավորվի իրենց ներկայությունը։ Հակառակ դեպքում նրանք հեշտությամբ կկանխեին նման «ակցիաները», որովհետև խնդիրը նույնիսկ այն չէ՝ արդարացի՞ են ադրբեջանցի «բնապահպանների» պահանջները, թե ոչ, խնդիրն այն է, թե ի՞նչ գործ ունեն նրանք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, ինչպե՞ս են հասել այնտեղ, եթե ճանապարհն արգելապատնեշներով առանձնացված է, և ինչո՞ւ են ռուս խաղաղապահները թույլ տվել նրանց մուտքն այդ հատված։ 

Ինչևէ, վերադառնանք Հայաստանի իշխանություններին։ Եթե հիշում եք՝ ընդամենը մի քանի օր առաջ Ալիևը հայտարարեց, թե Ադրբեջանը չի պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել Ղարաբաղի հայերի հարցը և պատրաստ է իր սահմանադրության շրջանակներում ապահովել նրանց իրավունքներն ու անվտանգությունը։ Սա, բնականաբար, բոլորի մոտ քմծիծաղ առաջացրեց, որովհետև բոլորն են տեսել, թե ինչպես է Ադրբեջանն «ապահովում հայերի անվտանգությունը»։ Քմծիծաղ առաջացրեց բոլորի մոտ՝ բացի Նիկոլ Փաշինյանից, որովհետև նույն օրվա նույն ելույթում նա փաստորեն ընդունելի համարեց այդ «տարբերակը»՝ միայն մի վերապահումով․ ըստ նրա՝ այդ ուղերձը միջազգային հանրությանն է ուղղված, մինչդեռ լավ կլինի՝ հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայությանը, ու այդ դեպքում «ուղերձն իրական կլինի»։ Հասկացա՞ք։ Մարդն ասում է՝ լավ բան եք ասում, բայց Հայաստանի ու միջազգային հանրության հետ ի՞նչ գործ ունեք, գնացեք «Ղարաբաղում ապրող ձեր քաղաքացիների» հետ խոսեք։ Որովհետև, ասում է, ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Չէ, մարդը գիտի, որ Բաքվում անգամ Ստեփանակերտ անվանումն են ժխտում, «Խանքենդի» են ասում, բայց «իմաստուն» խորհուրդ է տալիս՝ ինչո՞ւ եք ուզում կոտորել, գնացեք հետները խոսեք, գուցե ընդհանուր լեզու եք գտնում։ 

Երևի հույս ունի, որ այդ դեպքում ադրբեջանցիները «քարը փեշերից կթափեն» ու ոչ Վարդենիսին «Բասարգեչար» կասեն, ոչ Կապանին՝ «Կաֆան» կամ Գորիսին՝ «Գերյուսի»։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: