Վահրամ Հովհաննիսյան. ԵՄ-ի ստեղծած բանակցային ֆորմատը նախապատրաստում է Արցախի հայաթափումը
Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, չնայած հայտարարության կապիտուլյացիոն բնույթի, կասկածի տակ չի դնում «Լեռնային Ղարաբաղի» վարչատարածքային սուբյեկտությունը և սահմանում է արցախահայության անվտանգության ապահովման հստակ մեխանիզմ ի դեմս ռուս խաղաղապահների ներկայությանը: Այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունները, այսպես կոչված «արևմտամետ» շրջանակները և հայ հասարակության մի զգալի մասը Ռուսաստանին մեղադրում են Արցախի հաշվին Ադրբեջանի հետ գործարքի գնալու մեջ:
ԵՄ-ի ստեղծած այլընտրանքային բանակցային ֆորմատը` Ալիեւին գոհացնելու համար հետևողականորեն շրջանցում է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, այն փոխարինելով «Ադրբեջանի էթնիկ հայ փոքրամասնություն» բառակապակցությամբ, ու չի նախատեսում որևէ հստակ անվտանգության երաշխիք արցախահայության համար` այդ կարևորագույն խնդիրը թողնելով «հայ փոքրամասնության ներկայացուցիչների» ու Ադրբեջանի կառավարության միջև հետագա անորոշ երկխոսությանը: Ապշեցուցիչ պնդերեսությամբ կառավարությունը փորձում է այս նախագիծը ներկայացնել որպես մեծ ձեռքբերում, իսկ հայ «արևմտամետերը»` հույս ունեն, թե դրա իրականացմամբ շուտով Ռուսաստանը դուրս կմղվի տարածաշրջանից:
Սրանք անհերքելի փաստեր են, որոնք վկայում են այն պարզ ու դաժան իրողությունը, որ Հայաստանի իշխանությունների ու հասարակության մի հատվածի համար Արցախի հայկականության պահպանումը որևե արժեք չունի: Ռուսաստանի անտարբերությունը Հայաստանի և Արցախի վրա տեղի ունեցած ագրեսիաների նկատմամբ այդ շրջանակների համար շա՜տ հարմար պատրվակ է. չէ՞ որ դաշնակցի ամեն մի բացթողումը հաստատում է իրենց` պետական շահի հետ աղերս չունեցող, խիստ սուբյեկտիվ աշխարհաքաղաքական կողմնորոշման ճշմարտացիությունը: Իսկ այդ հաճույքի համար կարելի է արդեն հանգիստ աչք փակել այն հանգամանքի վրա, որ իրենց երկրպագած աշխարհաքաղաքական բևեռը փաստացի նախապատրաստում է Արցախի հայաթափումը: