Երուսաղեմի հայ համայնքը ոչ մի վնաս չի կրել
Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարանում վիճակը սովորականի պես է, անմիջական վտանգ չկա: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
«Դիվանի և կրթական հաստատությունների աշխատանքը սովորականի պես ընթանում է: Եկեղեցական արարողությունները կատարվում են ըստ կարգի: Ոչինչ չի չեղարկվել: Դեպքերը Հայոց թաղից հեռու են»,-նշեց նա:
Հայ համայնքը ոչ մի վնաս չի կրել, համայնքում չկան վիրավորներ, զոհեր կամ տեղահանվածներ: Հայկական թաղամասում խուճապի կամ վախի մթնոլորտ չի տիրում, միայն առկա է մտահոգություն, որը պայմանավորված է շարունակվող լարվածությամբ:
«Ակնկալում ենք, որ կողմերը բանակցության ճանապարհով արագ կհասնեն խնդրի հանգուցալուծման:Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,-նշում է պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: