Եվրամիության և ԵՄ մի քանի երկրների դեսպաններ այցելել են Սև լճի տարածք (տեսանյութ)
Եվրոպական երկրների 11 դեսպաններ և Եվրամիության 3 ներկայացուցիչ այցելել են Սյունիքի մարզ
ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպանների` Սյունիքի մարզ այցի նպատակը փաստահավաք առաքելություն իրականացնելն է ու տեղում իրադարձություններին ծանոթանալը։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին։
Նրա խոսքով` ԵՄ-ն ցանկացած պարագայում հանդես է գալիս տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ինչպես և այս պարագայում։
«ԵՄ-ն օգտագործում է իր բոլոր դիվանագիտական լծակները խնդրի կարգավորման ուղղությամբ: Այն պնդումը, որ ԵՄ-ն հանդես է գալիս տարածքային ամբողջականության կողմից, դրանով արդեն ամեն ինչ ասված է»,- ընդգծեց Անդրեա Վիկտորին։
Անդրեա Վիկտորին ասաց, որ այցի շրջանակում պատվիրակությունը եղել է նաև Սև լճի մոտակա բլուրում, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, Սև լճի տարածք չեն այցելել։
«Անմիջապես Սև լճի տարածքում չենք եղել: Մեզ հետ եղել է նաև Սյունիքից պատգամավոր»,- հավելեց ԵՄ դեսպանը:
Հարցին՝ արդյո՞ք իրենց ներկայացրել են Սև լճի տարածքի քարտեզը, դեսպանն ասաց, որ լսել է մի քանի քարտեզի մասին: Ներկայացվել է 1969 թվականի քարտեզը:
Նա նշեց, որ ինքը փորձագետ չէ, չի կարող կարծիք հայտնել, սակայն ակնհայտ է, որ լճի մեծ մասը գտնվում է ՀՀ տարածքում:
ԵՄ դեսպանը հույս հայտնեց, որ շուտով արդեն խաղաղ պայմաններում կվերադառնա Սյունիք գալիք ծրագրերը քննարկելու համար։
Դեսպաններին լրագրողներ չեն ուղեկցել։ Վերջին պահին լրագրողներին ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ նրանց այցը Սև լճի տարածք արգելվում է՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարության որոշումը։