ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցելելուց

Պաշտոնական 20.05.2021   17:01   286

Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության  դեպքում ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժային տարբերակով։ Այս պարագայում քաղաքացիական անձանց ներկայությունը կարող է միայն խանգարել հայկական ստորաբաժանումներին՝ լիարժեք կատարել իրենց առջև խնդիրները։

Տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ։

Կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին և անհարկի խնդիրներ չառաջացնել զինված ուժերի համար։

***

Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։

Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին։

ՀՀ ՊՆ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գեղարքունիք, սահման, Սյունիք, ՀՀ ՊՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon