Freedom House-ը չի արձագանքել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին
Այսօր՝ մայիսի 20-ի առավոտյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները արգելափակել էին դատարանների մուտքերը՝ թույլ չտալով դատավորներին և դատարանի մյուս աշխատակիցներին մուտք ու ելք անել,գրում է fip.am-ը:
Հայկական մամուլում այս կապակցությամբ տարածվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների գծով տնօրեն Նեյթ Շենկհանի (Nate Schenkkan) թվիթերյան գրառումը` Հայաստանում ստեղծված իրավիճակի և տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
Շենկհանը, մասնավորապես, գրել է․ «Հետհեղափոխական Հայաստանի վտանգը միշտ եղել է այն, որ Փաշինյանը, չունենալով կարողություն տրանսֆորմացնել երկիրը արագորեն կամ որևէ կայուն կերպով, հետ է շրջվելու դեպի պոպուլիզմ, ինչն իրեն իշխանության էր բերել։ Վերջ, հասել ենք»։
Մի շարք լրատվամիջոցներ այս գրառումը ներկայացնում են իբրև Freedom House-ի պաշտոնական հայտարարություն և դիրքորոշում։ Սակայն հարկ ենք համարում նշել, որ Freedom House-ը հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, ոչ մի հրապարակում Հայաստանում այս պահին տիրող իրավիճակի վերաբերյալ առկա չէ ո՛չ թվիթերյան էջում և ո՛չ էլ կազմակերպության պաշտոնական կայքում։ Այս հայտարարությունը տվյալ անձի անձնական դիրքորոշումն է։
Նշենք նաև, որ ժամանակին Շենկհանը հանդես է եկել Հայաստանի վերաբերյալ այլ հրապարակումներով ևս, որոնք, սակայն, որոշ դեպքերում եղել են խնդրահարույց։
Օրինակ՝ 2019-ի փետրվարին նա իր թվիթերյան էջում գրել էր, որ Թուրքիայից տեղահանվել են 100 հազար հայ ներգաղթյալներ, որը իրականությանը չի համապատասխանում, եզրափակում է fip.am-ը:
Կարինե Կիրակոսյան