Գագիկ Ջհանգիրյան. «Հոկտեմբերի 27-ի գործով հանգուցային դերակատարներն ու վկաները ողջ-առողջ են»
Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազ, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը Factor.am-ի հետ զրույցում ողջունեց Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով գործից անջատված մասի նոր քննության մեկնարկը: Ասաց՝ պատրաստ է բազմակողմանի աջակցել քննությանը։ Հայտնի է, որ Հայաստանի գլխավոր դատախազը բավարարել է Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասը կարճելու որոշումը վերացնելու և նոր քննություն սկսելու միջնորդությունը:
Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ոչ միայն ինքը, այլև գործով քննիչներն իրենցից կախված ամեն ինչ կանեն, որ աջակցեն գործի բացահայտմանը։ Նրա պնդմամբ՝ ինքը դեմ է եղել անջատված մասի գործի կարճմանը:
«Ես առաջարկեցի, որ եթե քննության հեռանկար չեք տեսնում, այսինքն՝ բոլոր հնարավոր վարկածներով քննությունը սպառել է իրեն, ապա ճիշտ կլինի, որ այդ գործի վարույթն առնվազն կասեցվի, ոչ թե կարճվի: Բայց դե այն ժամանակվա գլխավոր դատախազը, վստահ եմ՝ նաև քաղաքական ղեկավարությունը, որոշել էին, որ պետք է կարճեն այդ գործի վարույթը:
«Մենք էլ հիմա պատրաստ ենք օժանդակել: Ձևաչափը, թե ինչպես պետք է աջակցենք, կարծում եմ՝ առաջիկայում կհստակեցվի»:
Նրա խոսքով՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն իրեն մեղադրել են քաղաքական շահարկումների մեջ, որ, իբր, կազմակերպիչների մասով գործից մաս անջատելու կարիք ի սկզբանե չկար, քանի որ կազմակերպիչներ չեն եղել և չկան, ինչին ինքը հակադարձել է։
Ջհանգիրյանը, սակայն, հրաժարվեց ասել, թե ովքեր են ճնշել նախաքննության մարմնին, մասնավորապես՝ գործը կարճելու առումով: Նա հիշեցրեց, որ վերջին ամիսներին կազմակերպիչների մասով անջատված մասը դուրս է բերվել զինվորական դատախազության վարույթից և տեղափոխվել է Գլխավոր դատախազության վարույթ, որն էլ որոշում է կայացրել կարճելու մասին։ Հարցին, թե կազմակերպիչների մասով ի՞նչ անուններ են շրջանառվել անջատված մասում, նախկին դատախազը պատասխանեց.
«Ինչ անուններ որ շրջանառվել են գործում, բոլորը գործի մեջ են։ Ոչ մեկը ոչ մի անուն չի թաքցրել, չի հրաժարվել արձանագրելուց և այլն։ Մենք 4-5 հոգի օժանդակողներ ունեինք նախնական կալանքի տակ և այլն, որոնց հետո դատարանը մեկ առ մեկ սկսեց բաց թողնել»։
Հարցին, թե որպես գործով նախկին մեղադրող՝ ի՞նչ ակնկալիք ունի նոր քննությունից, հատկապես, որ Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից ու դատապարտյալներից 9 հոգի տարբեր մահացել են, այդ թվում՝ չբացահայտված հանգամանքներում, իսկ գործը քննող դատավոր Սամվել Ուզունյանը փախել է երկրից, Ջհանգիրյանը պատասխանեց.
«Թե՛ վկաների մեջ, թե՛ մեղադրյալների մեջ որևէ հանգուցային դերակատարի հետ, փառք Աստծո, որևէ բան չի պատահել։ Ուզունյան Սամվելն էլ փախել է, չի փախել, որևէ կապ չունի անջատված մասի քննության հետ:Հուսանք, որ իշխանությունները շահագրգիռ են, որ այդ գործով օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննություն կատարվի։ Չէ՞ որ այն ժամանակ իրավիճակը լիովին այլ էր: Մեր նախաքննական խումբը, դատախազությունը պայքարում էր տարբեր կառույցների դեմ: Ավելին չեմ ասի։ Հիմա այդպիսի իրավիճակ չէ: Մեզ պետք է օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտել՝ ՀՀ-ին, ՀՀ-ի ցանկացած իշխանությանը և քաղաքացուն։ Կարծում եմ՝ նպաստավոր պայմաններ են այսօր մեր երկրում, որ ամբողջ ճշմարտությունն այդ գործով վեր հանվի»։
Նախկին դատախազը միջամտության արդյունք է համարում, որ Նաիրի Հունանյանը մի քանի ամիս հետո հրաժարվեց ցուցմունքներից ու փոխեց դրանք։
«Երբ գլխավոր դատախազի միջնորդությամբ Նաիրի Հունանյանի և մնացած տեռորիստների մոտ տեսակցություններն արգելված էին, դատարանի որոշումով էլ թույլ չէր տրված մտնել, բայց մարդիկ մուտք ու ելք էին անում նրանց խցեր՝ առանց իմ գիտության։ Այդպիսի երկու հաղորդագրություններով նյութեր են նախապատրաստվել, որոշումներ են կայացվել, բացահայտվել են, թե ովքեր են եղել»,- նշեց Ջհանգիրյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է օրինագիծը, որով իշխանությունը Սահմանադրական դատարանի անդամներին առաջարկում է հրաժարական տալ՝ վաղաժամ թոշակի դիմաց:
«ՍԴ-ն ստեղծման օրվանից փորձել է նստել դատական համակարգի գլխին»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ներկա լուծումներն իրական լուծման չեն տանում», նկատեց զ Գագիկ Ջհանգիրյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի տեսանյութում՝