Թելման Պետրոսյան. Ես դիմում եմ հայերին
Ես դիմում եմ հայերին, որովհետև այսօր վտանգված է ոչ միայն ներկան, այլև մեր ժողովրդի վաղվա օրը
Ես դիմում եմ հայերին, ովքեր հասկանում են, որ պետությունը չի կառուցվում անտարբերությամբ և հարմարվողականությամբ։ Պետությունը կառուցվում է արժանապատվությամբ, պատասխանատվությամբ և ազգային գիտակցությամբ։
Այս տարիներին իմ քաղաքական պայքարը եղել է մեկ գաղափարի շուրջ՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան, իրավական և ազգային Հայաստան։ Հայաստան, որտեղ իշխանությունը ծառայում է պետությանը, պետությունը՝ ժողովրդին, իսկ Սահմանադրությունը մնում է անսասան՝ անկախ նրանից, թե ով է իշխանության։
Ես դիմում եմ հայերին։
Այսօր փորձության առաջ են կանգնած մեր պետականության հիմնասյուները։ Կասկածի տակ են դրվում մեր ազգային արժեքները, մեր պատմական հիշողությունը, Անկախության հռչակագրի նշանակությունը, Սահմանադրության ոգին և այն սկզբունքները, որոնց վրա կառուցվել է Հայաստանի Հանրապետությունը։
Չի կարելի թույլ տալ, որ կարճաժամկետ քաղաքական շահերը գերակշռեն ազգային շահից։ Չի կարելի համակերպվել այն մտքի հետ, որ պետությունը կարող է գոյություն ունենալ առանց իր արժեքների, պատմության և ինքնության։
Ես դիմում եմ հայերին նաև մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության հարցում։ Դարեր շարունակ այն եղել է մեր ժողովրդի հավատքի, մշակույթի, լեզվի և ազգային ինքնության պահապանը։ Ով թուլացնում է Եկեղեցին, թուլացնում է նաև ազգի հոգևոր հենարանը։
Ես դիմում եմ հայերին։
Այսօր մեզանից յուրաքանչյուրն ընտրության առաջ է։ Ուղղակի հետևե՞լ, թե՞ պաշտպանել մեր պետությունը, մեր Սահմանադրությունը, մեր Անկախության հռչակագիրը, մեր ազգային արժեքները և մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Մեր երեխաները վաղը մեզ հարցնելու են՝ ի՞նչ արեցիք, երբ վտանգված էր Հայաստանը։ Մենք պարտավոր ենք ունենալ այնպիսի պատասխան, որի համար չենք ամաչի։
Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը դեռ ունի կամք՝ ոտքի կանգնելու, համախմբվելու և վերականգնելու ազգային ու պետական մտածողությունը։ Մեզ պետք չէ ատելություն, մեզ պետք է միասնություն։ Մեզ պետք չէ անձերի պաշտամունք, մեզ պետք է ուժեղ պետություն։ Մեզ պետք չէ բաժանում, մեզ պետք է ազգային համախմբում։
Ես դիմում եմ հայերին։
Միավորվենք ոչ թե մեկ մարդու, այլ Հայաստանի շուրջ։ Միավորվենք հանուն մեր պետականության, հանուն Սահմանադրության, հանուն Անկախության հռչակագրի, հանուն մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն մեր ազգային արժանապատվության և ապագա սերունդների։
Պատմությունը հիշում է այն ժողովուրդներին, որոնք վճռական պահին կարողացել են պաշտպանել իրենց պետությունը։ Եկե՛ք լինենք այդ ժողովուրդը։
ՀԱԿ վարչության անդամ
Թելման Պետրոսյան


