Վարդան Հարությունյան. Այսօր քաղաքական բանտարկյալի օրն է
Այսօր խորհրդային տարիների քաղաքական բանտարկյալի օրն է։ Առաջին անգամ 1974 թ հոկտեմբերի 30-ին են Պերմի մարզի ու Մորդովիայի կալանավայրերի քաղաքական բանտարկյալները համատեղ հացադուլով նշել այս օրը։ Այնուհետեւ քաղաքական կալանավայրերում ամեն տարի՝ նախորդած ու հաջորդած բռնություններից անկախ, որոնց նպատակը ակցիան կանխելն է եղել, այն նշվել է։
Խորհրդային երկիրը վաղուց է, ինչ չկա, այս օրը գնահատողները, բայց, այն հիշում են։ Հիշում են ոչ միայն որպես հիշատակման արժանի պատմություն, այլ նաեւ որպես մտահոգություն, որպես տագնապ։ Հետխորհրդային շատ հանրապետություններում այսօր էլ կան քաղբանտարկյալներ։ Կան Ռուսաստանում, միջինասիական հանրապետություններում, Ադրբեջանում, Բելառուսում։ Հայաստանը, ցավոք, նույնպես հետ չի մնում։
Եւ ահա այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մտովի հետ վերադառնալով ու հիշելով իմ ընկերներին, առաջին հերթին, իհարկե, նրանց, որ զոհվեցին, որ մնացին այնտեղ, որոնց անուններով ժամանակ անց նրանց հայրենակիցները, անկասկած, հպարտանալու են՝ մտածում եմ մերօրյա քաղբանտարկյալների մասին։ Որ երկրի կալանավայրերում էլ որ նրանք գտնվեն։ Ուժ նրանց ու եռանդ, որ կարողանան արժանապատվորեն կրել իրենց բաժին հասած դժվարությունները։
Եւ թող պատմության կողմից դիկտատորներին հատկացված ժամանակը որքան հնարավոր է շուտ ավարտվի, որ հետագայում հոկտեմբերի 30-ը հիշատակելիս մերօրյա քաղբանտարկյալների մասին խոսք ասելու կարիքը չլինի։


