Տիգրան Պասկևիչյան. THERE IS ALWAYS HOPE
THERE IS ALWAYS HOPE (ՀՈՒՅՍ ՄԻՇՏ ԿԱ)
Անցած շաբաթ Շտուտգարտում էինք՝ Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանի հրավերով։
Տեր հայրը՝ համայնքի իր համախոհների հետ, ամեն տարի կազմակերպում է Հայ մշակույթի օրեր։
Այս տարի ես էլ հրավիրվեցի ցուցադրելու «Անկախության մեր ճանապարհը» բազմաչարչար ֆիլմը՝ ի նշանավորումն անկախության հռչակման 35-ամյակի։
Թեեւ հանրայինի Յութուբ ալիքում ֆիլմը տեղադրված է եւ տասնյակ հազարավոր դիտումներ է բերում գլխավոր քարոզչամեքենային, բայց դահլիճային դիտումը, պետք է ասեմ, բոլորովին ուրիշ հմայք ուներ։
Հանդիսատեսին նայելիս՝ մի պահ ինձ թվաց, թե 1988-ն է ու մենք հրապարակում ենք՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, այնքան լեցուն էր տարածքը հուզականությամբ։ Բայց դիտումից հետո հարկ էր հաղթահարել հուսահատությունն ու տրտմությունը։…եւ մոտ 40 րոպե խոսում էինք միայն հույսի մասին, հույսի, որն այն ոչ հեռավոր տարիներին մեզ փրկել է ու որը դեռ փրկելու է անելանելիից։
Մինչ ցուցադրությանը գալը հասցրել էինք լինել աշխարհռչակ Բենքսիի շտուտգարտյան ցուցահանդեսում։ Եւ արի ու տես, որ մեր անհայտ ախպոր դարդն ու ցավն էլ նույնն է։
Շնորհակալություն Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին, իր տիկնոջը՝ Հեղինեին, Քրիստինա եւ Վաչե Բագրատունիներին եւ բոլոր-բոլորին, ովքեր տասն օր տեղի հայ համյանքը պահեցին հայ մշակույթի լարվածության դաշտում։


