Գագիկ Քամալյան. Վիտալիկի բերանով խոսում են Սերժն ու Ռոբերտը
Եթե մի ազերի ասած լիներ այն, ինչ այսօր ասեց Վիտալի Բալասանյանը, ամբողջ հայությունը հիմա համախմբվելու կոչերով հանդես կգար։
Հիմա կարող եք ասել, ինչի՞ եք լռում, ինչի՞ Երևանից մինչև Ստեփանակերտ չեք արձագանքում այս ահաբեկմանը։ Միայն չասեք, թե չեք հասկացել ի՞նչ էր նա ասում։ Բոլորդ էլ շատ լավ հասկացաք, նա մի քիչ վատ հայերենով ասեց, որ Նիկոլ քեզ խելոք պահի, թե չէ կխփենք։
Ինձ համար շատ դժվար է այս տողերը գրելը, բայց ամեն դեպքում պետք է արձանագրենք, որովհետև չի կարելի նման իրավիճակներում ակադեմիականություն դրսևորելով լուռ մնալ։ Եթե շատերը մտածում են, որ լոււրջ չի կարելի վերաբերել այս ամենին, ապա չարաչար սխալվում են, որովհետև ինչպես նախորդ գրառման ժամանակ նշեցի՝ Վիտալիկը գիժ չէ, նրա բերանով խոսում են Սերժն ու Ռոբերտը։ Նրանք հասկանում են, որ եկել է պատասխան տալու ժամը, իսկ սեղանին միլիոնավոր դոլարների թալանն է, ու այդ ճանապարհին զոհ գնացածների դեռևս չչորացած արյունը։
Սիրելի հայրենակիցներ, սա այն պահն է, որ բոլորս պետք է մեր քաղաքական կողմնորոշումներն ու սկզբունքները մի որոշ ժամանակով դնենք մի կողմ, և աջակից դառնանք Նիկոլ Փաշինյանին։ Հասկանում եմ, որ շատերիդ համար կան գաղափարներ ու սկզբունքներ, որ ամեն բանից վեր է, բայց այս պահին կրկնում եմ, կարևորը հասարակության խաղաղ գոյակցության ապահովման անհրաժեշտությունն է, որովհետև Նիկոլ Փաշինյանին սպառնալով, նրանք սպառնացին բոլորին։
Այնպես որ, Հայաստանի քաղաքացուն ոչ մեկը իրավունք չունի սպառնալու, իսկ այսօր ոմն <<գեներալ>> դա արեց... Ուրեմն այս մարդը պետք է ո‘չ միայն պատասխանատվության ենթարկվի իրավական առումով, նաև պետք է իրեն ու իր տերերին հստակ ու կոշտ քայլերով Հասկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն երկիր է, իսկ այդ սուվերենության վրա կրակված վերջի փամփուշտը եղել է 2008 թվականի մարտի 1-ին։