Գազավորված ըմպելիքներ արտադրողների բողոքի ակցիան շարունակվում է (ուղիղ)
Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք բողոքում են, որ Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է մեծացնել հարկային բեռը, մասնավորապես, ակցիզային հարկը, որը կարող է հանգեցնել գազավորված ըմպելիքների գների մի քանի տասնյակ դրամով թանկացման:
«...Ինչպես գիտեք, մարտի 11 ին ըմպելիք արտադրողները և սպառողները բողոքի ալիք բարձրացրեցին Կառավարության դիմաց ՝ ակցիզի ներդրման դեմ։Մեր բողոքը լսեց Ֆին Նախարարի տեղակալ Արման Պողոսյանը և խոստացավ մեզ հաջորդ օրը տալ հարցի լուծման պատասխան։ Սակայն հաջորդ օրը չտվեց և միայն մարտի 15 ին մեր զանգին փոխնախարարը պատասխանեց , որ Կառավարությունը չունի մեր բողոքի լուծման տարբերակը՝ տեղափոխելով այս հարցը այլ գերատեսչություններ։ Մոտավորապես հասկացանք, որ որոշել են այսպես կոչված ՇԱՔԱՐԻ ՀԱՐԿ հասկացողությունը հանել և անունը դնել ՈՒՂԱԿԻ ԸՄՊԵԼԻՔԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ...», - ասված է գազավորված ըմպելիքներ արտադրողների տարածված հաղորդագրությունում:
«Հայ Կոլա» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը տեղեկացրեց, որ անցյալ շաբաթ հանդիպել են ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ, շուրջ 2.5 ժամ բանակցել:
«Արման Պողոսյանը լսել է մեր մտահոգությունները և, կարծես, հասկացել, որ մենք կանգնած ենք փակման եզրին ու դառնալու ենք գործազուրկ»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիրը, այնուամենայնիվ, չի լուծվել:
Նշենք, որ այսօրվա բողոքի ակցիա իրականացնողներին մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սահակյանը և առաջարկեց, որպեսզի վաղը ընկերությունների հինգ ներկայացուցիչներ կառավարությունում հանդիպում ունենան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Բողոքողները դադարեցրին իրենց ակցիան և կախված այդ հանդիպման արդյունքից՝ ըմպելիք արտադրողներն իրենց հետագա քայլերի մասին կհայտարարեն:
Ուղիղ հեռարձակումն՝ ԱՅՍՏԵՂ