Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են երկու իրանցի վարորդի
Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները իրանական բեռնատարների երկու վարորդի ձերբակալել են։ Տեղեկությունը «Թուրան» գործակալությանը հայտնել ենԱդրբեջանի ներքին գործերի նախարարությունից։
Աղբյուրի փոխանցմամբ` տվյալ անձինք անօրինական մտել են Ադրբեջանի տարածք։ «Հայաստանից մեքենաների անօրինական մուտքը Ադրբեջան տեղորոշել են ՆԳՆ-ի, սահմանապահ և մաքսային ծառայությունների աշխատակիցները։ Խախտողների նկատմամբ կկիրառվեն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ»,- ասել է «Թուրանի» աղբյուրը։
Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի ոստիկանները, սահմանապահներն արդեն 4-րդ օրն է` կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին: Այս ճանապարհին ադրբեջանցիների նոր հսկիչ կետը կիրակի օրվանից է գործում:
Հիշեցնենք՝ Բաքուն տեղի ունեցողը օրենքի պահանջ որակեց, թե Ադրբեջան օտարերկրյա տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր մուտք ու ելքի համար գանձվում է ճանապարհային հարկ։
Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների փաստաթղթերն ու բեռներն են ստուգում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանը։
«Երեկ 3 վարորդներից այդպիսի ահանզանգ եմ ստացել։ Նրանց ստուգել են` բաց թողել։ Պատճառ չեն ասել»,- ասել է նա։
Քոչարյանը խնդրի մասին ահազանգել է մարզպետարան, ՄԻՊ գրասենյակ։ ՄԻՊ աշխատակիցներն արդեն այցելել են Սյունիքի մարզ, բայց Քոչարյանի հետ դեռևս չեն հանդիպել։