Հաջողվել է համոզել, որ անցակետում բուժզննումը գոնե չկատարվի տեսախցիկների առջև
Քանի որ տեւական ժամանակ նույնիսկ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակի միջոցով անհնարին էր դարձել հիվանդների տեղափոխությունը Հայաստան, հիմա ունենք ավելի քան 200 բուժառու, որոնք սպասում են հայաստան տեղափոխմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցարզույցում նշել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Տեւական ժամանակ բացարձակապես դեղորայք չի բերվում Արցախ: Մանկական հիվանդանոցում ունենք ստացիոնար բուժում ստացող 24 երեխա, որից 7-ը նորածնային եւ վերականեդանացման բաժանմունքում:
Այսօր ( հուլիսի 23-ին-խմբ) առաջին անգամ Կարմիր Խաչի միջոցով 13 բուժառու նրանց ուղեկցողների հետ հնարավոր եղավ տեղափոխել Հայաստան: Մի կերպ Կարմիր խաչի ներկայացուցիչներին հնարավոր եղավ ադրբեջանցիներին համոզել, որ անցկացնեն նրանց: Ինչպես արդեն ասել եմ, ադրբեջանցիները անցակետում հավելյալ բերել են բժիշկներ եւ մեր հիվանդներին, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան՝ այնտեղ պատշաճ բուժօգնություն ստանալու համար, ադրբեջանցիները անցակետում նրանց բուժհետազոտության են ենթարկում: Այսօր մի կերպ համոզեցինք, որ այդ բուժհետազոտությունը չկազմակերպեն տեսախցիկների առջեւ:
Պատկերացնում եք, մեր հիվանդներին, որոնք անմարդկային պայմաններում, նույնիսկ ծանր վիճակում հիվանդ կա, որին Կարմիր Խաչը Հայաստան է տեղափոխում նստած վիճակում, նրանց իջեցնում են եւ ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք, ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ հետազոտությունը պետք է զուգորդվի նաեւ անձի մերկացմամբ: Կարմիր Խաչին մի կերպ հաջողվել է համոզել, որ այդ գործընթացը տեսախցիկների առջեւ չկատարվի»,-ասաց Արցախի պետնախարարը: