«Համապարփակ խաղաղության» ականապատ դաշտում տրնգի պարողը. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Եվ այսպես, ԱՄՆ պետքարտուղարն առանց փակագծերը բացելու հայտարարում է, թե բանակցություններում «զգալի առաջընթաց է ապահովվել»։ Շատ լավ, բայց նույն օրը Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարում է, թե «երբ շատ բարդ բանակցությունների արդյունքում ինչ-որ ձեռքբերում է եղել, հաջորդ իսկ պահին Ադրբեջանն ավելին է պահանջել, և դա մինչև օրս շարունակվում է»։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը որևէ կերպ իր դիրքորոշումը չի մեղմում, հետևաբար՝ նման իրավիճակում «առաջընթաց ապահովելը» կարող է նշանակել միայն մի բան․ Հայաստա՛նն է որոշ հարցերում նոր զիջումների գնացել։
Անցնենք առաջ։ Բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները հայտարարության նույն տեքստը տարածեցին, ըստ որի՝ որոշ հարցերի շուրջ փոխըմբռնում եղել է, բայց «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»։ Եվ դարձյալ՝ առանց փակագծեր բացելու։ Բայց նույն օրը Նիկոլ Փաշինյանը Պրահայում նաև ա՛յդ փակագծերն է բացում։ Հայտարարում է, թե «Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ, և հիմա դա ամենալուրջ խոչընդոտն է խաղաղության գործընթացում»։ Ընդ որում՝ խոսքն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտում է՝ «Ադրբեջանի նախագահը խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին»։ Այդ «ինչ-որ պատմական քարտեզներով», ի դեպ, Ադրբեջանն իր տարածքն է համարում ամբողջ Սյունիքն ու Սևանի ավազանի կեսը, այսինքն՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները շատ կոնկրետ աշխարհագրական պարամետրեր ունեն։ Եվ Նիկոլ Փաշինյանը հենց դա է համարում «ամենալուրջ խոչընդոտը», այսինքն՝ մյուս խոչընդոտները (վերջնական հրաժարում Արցախից, Սյունիքով միջանցքի տրամադրում, ՀՀ տարածքի օկուպացիա և այլն) այլևս լուրջ խոչընդոտներ չեն և հաղթահարելի են։
Այսպիսով «փազլն» ամբողջանում է։ Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնում տեղի է ունեցել հետևյալը․ Հայաստանը համաձայնվել է մեկընդմիշտ հրաժարվել Արցախից, ինչ-որ ձևակերպմամբ Սյունիքով միջանցք տրամադրել, անգամ քննարկել Ադրբեջանի հետ «հավաքական անվտանգության» համակարգ ստեղծելու ծրագիրը (պարզ ասած՝ հրաժարվել «տարածաշրջանում որպես սեպ դիրքավորվելուց» և դաշինք կազմել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի), բայց Ադրբեջանը նույնիսկ այդքանով չի բավարարվել, որովհետև նրանց ոչ թե «դաշնակից Հայաստան» է պետք, այլ ծվատված, շատ-շատ՝ մի 15-20 հազար քկմ տարածքով վասալական կիսապետություն։
Սա է այն «համապարփակ խաղաղությունը», որի «պարամետրերն», ըստ Նիկոլ Փաշինյանի, կարող են և ընդունելի չլինել Հայաստանի ժողովրդի համար։ Ու որպեսզի ժողովուրդը համակերպվի՝ նույն Պրահայում երկու ուշագրավ հայտարարություն է անում։ Առաջին՝ «ԵՄ մոնիթորինգային առաքելությունը անվտանգության որևէ երաշխիք չի տալիս», և երկրորդ՝ «համապարփակ խաղաղության որոնումներն ականապատ դաշտում են, և որքան առաջ ենք շարժվում, այնքան ականները շատանում են»։ Սա ասվում է, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե որն է լինելու «զգալի առաջընթացի» վերջնակետը, և ինչ տեղի կունենա, եթե «կեսից փոշմանենք» ու «պայթենք ականի վրա»։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: