«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. «Հենց Փաշինյանն է մերժել ժառանգություն ստացած բանակցային գործընթացը»

Հարութ Ուլոյան. «Հենց Փաշինյանն է մերժել ժառանգություն ստացած բանակցային գործընթացը»

Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե ափսոսում է, որ նախկինում Արցախի հարցի վերաբերյալ ժառանգված բանակցային բովանդակությունը չի հրապարակել:
Չհաշված այս 3 տարիների ընթացքում տարբեր առիթներով ժառանգված բանակցություններից ակնարկների տեսքով ու տարբեր դրույթների մասով Փաշինյանի «բացահայտումները», վերջինս շատ ուղիղ տեքստով բացահայտել է Սերժ Սարգսյանից ժառանգություն ստացած բանակցային փաստաթուղթը 2020 թվականի հունվարի 25-ին իր մամուլի ասուլիսի ընթացքում:

Անդրադառնալով դրանից շուրջ 2 ամիս առաջ 1.am կայքում հրապարակված անանուն «հոդվածի» բովանդակությանը, Փաշինյանը շատ ուղիղ տեքստով դրանում «գաղտնազերված» բանակցային վերջին տարբերակը ներկայացնում է որպես Սերժ Սարգսյանից ստացած ժառանգություն: Այսինքն, ըստ էության, քավոր է կանգնում այդ «գաղտազերծված» փաստաթղթին:

Փաշինյանը, ընթերցելով ժառանգություն ստացած տվյալ` Կրակովյան տարբերակի դրույթները, դրա ընդունել-չընդունելու վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք է հայցում այդ ժամանակ Արցախի նախագահի թեկնածուներից: Ավելին, Փաշինյանը բացահայտորեն հեգնում է,  

  • որ եթե տվյալ բանակցային ժառանգությունն ընդունելի է բոլորի համար, ապա նա ցանկացած պահից կարող է ժառանգություն ստացած բանակցությունները շարունակել, 
  • որ միջազգային հանրությունն իրեն առաջարկել է շարունակել բանակցային նույն կետից, և եթե հայ ժողովուրդը կասի, որ «գաղտնազերծված» տարբերակն ընդունելի է, ապա նա` Փաշինյանը երաշխավորում է, որ ժառանգածը կորսված չի լինի և ցանկացած պահի ինքը կարող է վերադառնալ այդ կետին:

Սա, ի դեպ, ուղղակի խոստովանություն էր, որ հենց ինքը` Փաշինյանն է մերժել ժառանգություն ստացած բանակցային գործըթնացը: 
***
«Գաղտնազերծված» և Փաշինյանի կողմից հաստատված բանակցային ժառանգությունը. 
«Համանախագահողների առաջարկ, Կրակով, 18.01.2018թ.

Պարբերություն 1.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են, այնպես ինչպես նրանք կապված են միմյանց հետ.
Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։
Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։
Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում։
Դրացիական համագործակցության վերականգնում։
Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։

Պարբերություն 2.

Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են 1-ին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներ, այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող  զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի (НКАО) վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։

Պարբերություն 3.

Միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը» https://www.1in.am :