«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Իշխող ուժի ազգակործան անբարոյական քարոզը

Հարութ Ուլոյան. Իշխող ուժի ազգակործան անբարոյական քարոզը

Իշխող ուժն ու իրենց ղեկավարը նոյեմբերի վերջից քարոզում են, թե 44-օրյա պատերազմից և գրանցված արդյունքներից անհնար էր խուսափել: Եթե նրանք «հավատացած» են դրանում, ապա գործ ունենք ազգակործան անմեղսունակության հետ, իսկ եթե այս քարոզը տանում են սեփական մեղքը թաքցնելու միտումով, ապա գործ ունենք ազգակործան անբարոյականության հետ:

Չկա իշխանությունների հասցեին ուղղված որևէ մեղադրանք, ինչի հետ նրանք այս կամ այն չափ համաձայն լինեն (չհաշված նոյեմբերի 10-ի Փաշինյանի հայտնի ինքնախոստովանությունները, ինչը թե´ Փաշինյանը, թե´ իշխող թիմը ուղղակի ջնջել են իրենց կենսագրությունից):

Թե´ պատերազմ հրահրելու, թե´ պատերազմն ավելի վաղ չդադարեցնելու, թե´ ստորագրված հայտարարության վերաբերյալ հնչող որևէ քննադատություն մերժելի է իշխանությունների համար: Ցույց տվեք այս հարցերի վերաբերյալ որևէ քննադատություն, որը այս իշխանությունները համարել են «արդարացի»: Չկա այդպիսի փաստ:

Ամենաբարձր մակարդակներով «Արցախը Հայաստան է», «Աղդամը մեր հայրենիքն է», «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» տիպի հայտարարություններ անելը; ԼՂԻՄ-ի վարչական սահմաններից դուրս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նոր բնակավայրեր կառուցելու նախաձեռնությունները; Սևրի պայմանագիրն օրակարգային հարց սահմանելը; «Հուլիսյան տավուշյան հաղթանակ» տոնելն ու դրանում «Թուրքիայի պարտություն» արձանագրելը; բանակցային ժառանգությունը բացահայտ մերժելն ու նախապայմաններ առաջ քաշելը, - ահա այս ամենը, ըստ իշխանությունների և նրանց շահերը սպասարկողների, բացարձակապես ոչ մի նշանակություն ու դերակատարում չեն ունեցել պատերազմ հրահրելու գործում: Նույնկերպ մերժում են պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու հնարավորության մասին բոլոր խոսակցությունները:

Եթե ընդհանրացնենք իշխանությունների բոլոր «արդարացումները», ապա կունենանք մի պետության պատկեր, որում ներկայիս իշխանությունները գոյություն չեն ունեցել և չունեն: Բացարձակապես: Նրանցից կախված չի եղել ոչ պատերազմը կանխելու, ոչ պատերազմը դադարեցնելու հարցերը: Ավելին, նրանք որևէ դերակատարում չունեն նաև իրենց իսկ ստորագրված հայտարարություններում ամրագրված կոնկրետ դրույթներն ի կատար ածելու գործընթացում: Ոչ մի չափազանցություն չկա: Ով ռացիոնալ տիրույթում հետևել է իշխանությունների և նրանց սպասարկողների վերջին ամիսների քարոզչությանը, աներկբա եկել է հենց այս եզրակացության:

Նրանց բոլոր հայտարարություններից, «արդարացումներից» և այլոց ուղղված մեղադրանքներից պետք է մի եզրահանգում անել, որ իշխանությունները հասարակությանը համոզում են, որ իրենք, որպես իշխանություն, գոյություն չեն ունեցել ու չկան: Մանիպուլյացիան հենց դրանում էլ կայանում է: Մարդկանց հենց դա են ներարկում: Թեմա կա, իրադարձություններ եղել են, աղետ եղել է, բայց ներսում մեղավորներ չպետք է փնտրել: Կամ էլ, լավագույն դեպքում, մեղավոր ենք բոլորս: Այսինքն՝ «քաղաքականություն» ասվածը գոյություն չունի: Հայաստանից ոչինչ կախված չէր ու չի: Պատերազմն ու նրա ընթացքը ոչ թե սխալ քաղաքականության հետևանք էր, այլ՝ ճակատագիր: Սա են համոզում հասարակությանը:

Անմեղսունակության կամ անբարոյականության մյուս դրսևորումն այն դետալավորված քարոզչությունն է, թե «Շուշիի վերադարձն ու դեպի Շուշի միջանցքը միշտ է Ադրբեջանը պահանջել», թե «Վաղուց ամրագրել ենք, թե ոնց է անցնում մեր պետական սահմանը» և այլն, և այլն: Այսքանն էլ բավարար չի, ընթացքում նաև «Մեղրիի տարբերակ»-ն են հիշատակում, թե դա էլ է բանակցվել: Ու այս ամենն արվում է պարտությունն ու Շուշիի կորուստն «արդարացնելու» համար: 

Ուզում եք ասե՞լ, որ եթե հանկարծ ամբողջ Արցախը կորցնեինք, իշխանություններն արդարանալու եղանակներ չէին գտնելո՞ւ: Մեղրին կորցնեինք, կասեին՝ «Մեղրիի տարբերակ է եղել», ամբողջ Արցախը կորցնեինք, կասեին՝ «Մինչև 1988թ-ը, 65 տարի Հայաստանը Արցախը պաշտոնապես Ադրբեջանի մաս էր համարում»... Մի օր «տարածքային ամբողջականության» սկզբունքի շրջանակներում կհամարեն Արցախը Ադրբեջանի մաս, կասեն՝ ««Ընդհանուր պետություն»-ում տենց բան էր գրված»: Մի օր կհամաձայնեն «փախստականների» վերադարձին Հայաստան, կասեն՝ «Մինչև 1988թ-ը իրար հետ ապրում էիք»...

Այն մարդիկ, ովքեր տարատեսակ եղանակներով ու մանիպուլյացիաներով «արդարացնում» են 44-օրյա պատերազմը, պարտությունը, կորուստներն ու գլխավոր պատասխանատու չեն համարում օրվա իշխանություններին, նրանք «արդարացումներ» գտնելու էին ցանկացած արդյունքի պարագայում: Նույնիսկ «безоговорочная капитуляция»-ի դեպքում: