Հարութ Ուլոյան. Օսկանյանը կեղծում է բանակցված փաստաթղթերի բովանդակությունը
Օսկանյանական մանիպուլյացիա
Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը հանդես է եկել հերթական հոդվածով, որում հերթական անգամ ակնհայտորեն մանիպուլյացիոն կերպով կեղծում է Արցախի հարցի լուծման վերաբերյալ Քոչարյանի օրոք բանակցված փաստաթղթերի բովանդակությունը:
Ներկայացնելով 1998 թվականի հունվարին տեղի ունեցած հայտնի անվտանգության նիստից մի դրվագ, ըստ որի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն, այսինքն՝ Օսկանյանին, հարց է ուղղել, թե «հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», Օսկանյանը պնդում է, որ տվյալ հարցին նա պատասխանել է հետևյալ կերպ՝ «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»:
Փորձելով հիմնավորել իր պատասխանը, հաջորդիվ Օսկանյանը նշում է, որ Քոչարյանի ղեկավարման և իր ԱԳ նախարար եղած տարիներին «Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»:
Այժմ՝ ըստ էության:
Կրկին ընթերցեք, ըստ Օսկանյանի, իրեն ուղղված Տեր-Պետրոսյանի հարցապնդումը. «Հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Իսկ հիմա ցույց տվեք Օսկանյանի հիշատակած փաստաթղթերից որևէ մեկը, որում ամրագրված է եղել կարգավիճակի վերաբերյալ սկզբունքը՝ առանց տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրման: Չկա այդպիսի բան:
Իրականությունն այն է, որ թե´ 1998 թվականին ներկայացված «Ընդհանուր պետություն», թե´ 2007-ին ներկայացված «Մադրիդյան» փաստաթղթերում բառացիորեն ամրագրված է «տարածքային ամբողջականություն» ձևակերպումը: Ավելին, «Ընդհանուր պետություն» կոչվող փաստաթղթում Արցախի կարգավիճակը, որպես պետական և տարածքային կազմավորում, սահմանվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում: Ինչ վերաբերում է դեռևս չհրապարակված «Քի Վեսթյան» տարբերակին, ապա դա Մեղրին Արցախի հետ փոխանակելու հայտնի առաջարկի ելևէջն է: Մամուլում հրապարակված նյութերի համաձայն, դրանում խոսք էր գնում Մեղրիի սահմանի երկայնքով Ադրբեջանին «սուվերեն միջանցք» տրամադրելու վերաբերյալ:
Եթե Օսկանյանն այս ամենից եզրակացրել է, որ իր նշած փաստաթղթերում Ղարաբաղի կարգավիճակը սահմանված է եղել «Ադրբեջանի կազմից դուրս», դա իր երևակայության խնդիրն է, սակայն մի բան է երևակայությունը, լրիվ այլ բան՝ իրողությունը: Ըստ այդմ, Օսկանյանի շարադրանքն ընդամենը ականհայտ ստի հիման վրա կազմած բառախաղային մանիպուլյացիա է, ուրիշ ոչինչ:
Ինչ վերաբերում է Օսկանյանի կողմից 1998 թվականի ու ներակայիս իրավիճակները համեմատելու կամ նույնացնելու փորձերին, ապա այստեղ մի պատասխան կարող է լինել: Ինչպես Օսկանյանը, այնպես էլ նման համեմատականներ անցկացնող իր նախկին կամ ներկա թիմակից մյուս քաղաքական շահառուները, 1998 թվականին մի դավաճանություն արդեն գործել են, հիմա էլ նման համեմատականներով երկրորդ դավաճանությունն են գործում:
Մարդ պիտի կատարյալ անմեղսունակ լինի կամ առաջնորդվի անձնական շահադիտական նպատակներով, որպեսզի ներկայիս ու 1998 թվականի իրադարձությունների միջև որևէ հարթության վրա համեմատական եզրեր փնտրի, էլ չասած՝ նույնացնի: