«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Պատերազմի ժամանակ «հավատի» վրա խաղադրույք կատարելը՝ հանցավոր արկածախնդրություն է

Հարութ Ուլոյան. Պատերազմի ժամանակ «հավատի» վրա խաղադրույք կատարելը՝ հանցավոր արկածախնդրություն է

Երկար լռությունից հետո խեսել է Արծրունը: Խոսել է «որպես մասնագետ»: Փորձել է արդարանալ կամ պատասխաններ հնչեցնել իր հասցեին հնչեցվող մեղադրանքներին: Հովհաննիսյանի հիմնական թեզերը կառուցված էին իրեն ուղղվող «եթե մենք պարտվում էինք, ինչո՞ւ էիր ամեն օր մոտալուտ հաղթանակով մեզ կերակրում» տիպի «մեղադրանքների» վրա: 

Այլ կերպ չէր էլ կարող լինել, իհարկե: Եթե քո իրական «մեղքերն» անտեսվում են և հրապարակ են նետվում անհեթեթություններ, դու դրանից միայն պետք է ուրախ լինես: Դու այդ ժամանակ հպարտորեն հայտարարում ես, որ «պետերազմի ընթացքում պարտությունից չեն խոսում» (ինչը դոգմա է) և դրանով ջախջախում ես քեզ ուղղված մեղադրանքները: 

Հովհաննիսյանի, ինչպես նաև պատերազմի վերաբերյալ մյուս հանրային կարծիք ստեղծողների «մեղքը» ոչ թե այն էր, որ նրանք մինչև պատերազմի վերջին օրը հրապարակային ելույթներում հաղթանակ էին քարոզում, այլ այն, որ իրենք ներքուստ հավատացած էին դրանում: Ինչպես հենց Հովհաննիսյանն է պնդում`«Իհարկե հավատում էի, որ հաղթելու ենք»: Նույնիսկ նոյեմբերի 5-ին, 9-ին նա հավատում էր, որ «ինչ-որ» կերպ փոխվելու է իրավիճակը: Հիմա էլ է հավատում: Սա, ըստ էության, նույնն է, ինչ Փաշինյանն էր հայտարարում, թե ինքը հավատացած էր, որ բեկում է լինելու: 

Բացի «հավատից», այս մարդիկ բացարձակապես ոչ մի այլ արգումենտ չեն նշում, թե ինչով էր պայմանավորված իրենց հաղթական տրամադրությունները: «Հավատի» վրա խաղադրույք կատարելով կարելի էր 2018 թվականին իշխանափոխության գործընթաց ծավալել, կարելի է ֆուտբոլի կամ օլիմպիական մրցույթների մասնակցել, բայց պետություն ղեկավարել, առավել ևս` պատերազմ վարել` հիմնվելով «հավատի» վրա, դա սովորական արկածախնդրություն չի, դա հանցավոր արկածախնդրություն է: 

Որպեսզի իրենց «հավատն» ու «ոգին» կասկածի տակ չառնվի, թե Հովհաննիսյանը, թե շատ այլ պատասխանատու անձինք, հայտարարում են, թե իրենք միշտ պատրաստ են ինքնազոհողության: Ավելին, «որպես ապացույց» նշում են, որ պատերազմի օրերին իրենք բազմիցս հրետակոծության տակ են հայտնվել ու հրաշքով են փրկվել: Սա ի՞նչ է: Սա այդ հանցավոր արկածախնդրության հերթական ապացույցն է: Նման մտքեր կարող են հայտարարել կամավորները, հասարակ զինվորները, բայց երբ պատասխանատու անձինք են փորձում նման կերպ ինչ-որ մտացածին մեղադրանքներից արդարանալ, ապա այդ ամենն ուղղակի զավեշտի է վերածվում: 

Հովհաննիսյանը «մոռանում» է նաև այն հանգամանքը, որ նա պատերազմի օրերին ոչ միայն պաշտոնական տեղեկատվության հաղորդմամբ էր զբաղված, այլև շատ ուղղակի կերպով գաղափարաքաղաքական «թիկունքներ» էր մատնանշում: Այժմ էլ, մի կողմից, իբր, չցանկանալով քաղաքականության մեջ խորանալ, մյուս կողմից պնդում է, թե սխալները չի կարելի 1-2 անձի վրա բարձել: Այո, նորմալ է: Երբ քո գործողությունները հիմնված են լինում «հավատի» վրա, այո, նույն այդ «հավատի» զգետնվելուց հետո, դու պետք է արդարանաս «Կորստի դառնությունը բոլորինս է» տիպի տափակաբանությամբ:

Հայրենասիրությունը արկածախնդրություն չի, ոչ էլ «հավատն» է հայրենասիրություն: Ինքնանպատակ զոհվելն էլ հայրենասիրություն չի: Այո, դու կարող ես ազնիվ հայրենասիրական նպատակներով երազել Մեծ Հայքի մասին: Հետո՞: Կարող ես ներքուստ շատ ազնվորեն հավատալ, որ վաղը ոչ միայն կարող ես այդ ամենը հետ բերել, այլև` տարածաշրջանը մաքրել «օտար խաղացողներից»: Հետո՞: Հանուն այդ գործի, այո, դու վստահաբար կարղ ես անձնապես ինքնազոհության պատրաստ լինել: Հետո՞: Հասարակ քաղաքացին, ենթադրենք, կարող է նման տրամադրություններ ունենալ: Բայց մի՞թե պատասխանատու անձը կարող է նման տրամադրություններով առաջնորդվել: Ավելին, դեռ մի բան էլ հպարտանալ դրանով:

Հարութ Ուլոյան