Հարութ Ուլոյան. «Ստացվում է,որ հենց ԲՀԿ-ն է ուրացել Ծառուկյանին»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով նախատեսվող սահմանադրական փոփոխությունների մասին, «հիշեցրել» է, որ 2015 թվականին ԲՀԿ-ի և Ծառուկյանի «գլխին կատարվածը» խորհրդարանական համակարգին դեմ լինելու հետևանք էր: Ավելին, Ծառուկյանը բառացի պնդել է նաև, որ կիսանախագահականից խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարին միայն ինքն էր դեմ, և որ այդ ժամանակ ոչ մի քաղաքական ուժ չի պաշտպանել իրեն:
Պարոն Ծառուկյանին հարկ է հիշեցնել, որ ԲՀԿ-ն մինչև իր «գլխին կատարվածն» է դեմ արտահայտվել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին, իսկ դրանից հետո ամենաակտիվ կերպով պաշտպանել է այդ փոփոխությունները: Ինչ վերաբերվում է այն պնդմանը, թե, իբր, «ոչ մի քաղաքական ուժ չի պաշտպանել իրեն», ապա դա, ընդահանրապես, զավեշտ է:
Հայ ազգային կոնգրեսը, ում հետ համագործակցում էր այդ ժամանակ ԲՀԿ-ն, թե այդ ժամանակահատվածում, թե դրանից հետո, միակ քաղաքական ուժն էր, որը սկզբունքորեն դեմ արտահայտվեց Սերժ Սարգսյանի հագով կարված սահմանադրական փոփոխություններին: ԲՀԿ-ի և Ծառուկյանի «գլխին կատարվածից» հետո, Կոնգրեսը միակն էր, ով բարձրաձայնում էր ԲՀԿ-ի և Ծառուկյանի դեմ իրականացվող ապօրինությունների և բռնաճնշումների մասին: Ավելին, երբ Կոնգրեսը բարձրաձայնում էր այդ ամենի մասին, ԲՀԿ-ից արձագանքում էին, թե «մի խառնվեք մեր ներքին գործերին»:
Ու հիմա եթե Ծառուկյանը համարում է, որ ոչ մի քաղաքական ուժ չի պաշտպանել իրեն, ու եթե այդ տեսանկյունից դիտարկենք, ապա ստացվում է, որ առաջին հերթին հենց ԲՀԿ-ն չի պաշտպանել Ծառուկյանին: Ու եթե Ծառուկյանը, իբր, մշտապես սկզբունքորեն դեմ է եղել խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարին, իսկ, ինչպես վերևում նշվեց, ԲՀԿ-ն փաստացի մտափոխվել է, ապա այս դեպքում, ևս, ստացվում է, որ առաջին հերթին հենց ԲՀԿ-ն է ուրացել Ծառուկյանին: