«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Հիշատակը Ս. Բարսեղ հայրապետի, նրա եղբայր Գրիգոր Նյուսացու, Սեղբեստրոս Հռովմա հայրապետի և աբբայ Եփրեմ Խուրի Ասորու

Ս. Բարսեղ Մեծ արքեպիսկոպոս Կեսարացին ծնվել է 330թ. Կեսարիայում, հայտնի քրիստոնյա հարուստ ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է հորից, այնուհետև ուսանել է Կեսարիայի լավագույն ուսուցիչների մոտ, հետո՝ Անտիոքում: 301թ. Կ.Պոլսում ուսումը շարունակել է նշանավոր հռետոր Լիբիանոսի դպրոցում, այնուհետև՝ Աթենքի համալսարանում ուսումնասիրել է քրիստոնեական վարդապետություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, աստղագիտություն, երկրաչափություն, բժշկություն: Վերադառնալով Կեսարիա՝ Գրիգոր Աստվածաբանի հետ ուսումնասիրել է Աստվածաշունչը, հաղորդակցվել եկեղեցու հայրերի և ուսուցիչների ժառանգության հետ: Գրիգոր Աստվածաբանի հետ կազմել է «Սուրբ Գիրքը և նրա մեկնաբանը՝ Որոգինեսը» աշխատությունը: Կեսարիայում կառուցել է 2 մենաստան: Մահացել է 379թ. հունվարի 1-ին, 49 տարեկանում:

Գրիգոր Նյուսացին Ս. Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն էր: 372թ. Կապադովկիայի Նյուսա քաղաքի եպիսպոկոսն էր: Նա իր եղբոր հետ անդուլ պայքարել է արիոսականության դեմ, ինչի համար հալածվել է և արիոսամետ Վաղես կայսրը նրան աթոռազրկել է ու աքսորել: 379թ. նա մասնակցել է Անտիոքում գումարված ուղղափառ եպիսկոպոսների ժողովին: Որպես թեմական քննիչ և տեսուչ՝ ուղարկվել է Պոնտոսի, Պաղեստինի և Արաբիայի թեմերը՝ ամրապնդելու ողղափառության դիրքերը՝ զսպելու արիոսականների և մյուս հերձվածողների անկարգությունները: Գրիգոր Նյուսացին 381թ. մասնակցել է Կոստանդնուպոլսի Բ տիեզերաժողովին և Գրիգոր Նազիանզացու հետ վճռական դեր խաղացել Նիկիական հանգանակը պաշտպանելու և Մակեդոնի հերձվածը դատապարտելու գործում: Ապրել է խոր ծերություն: Խաղաղ մահացել է Կ. Պոլսի տաճարում: Սուրբն Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից է, Հայ Առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, ովքեր հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով:

Սեղբեստրոսը (314-335) ծնվել է Հռոմում: Հոր մահից հետո, ուսուցիչը նրան կրթության է տվել և դաստիարակել որպես ճշմարիտ քրիստոնյա: Չափահաս դառնալով՝ նա կատարել է Աստծո պատվիրանները՝ ծառայել մերձավորներին, օգնել թափառականներին: Քսան տարուց ավելի նա ղեկավարել է Հռոմի եկեղեցին՝ վայելելով քրիստոնյաների հարգանքը: Նա խաղաղ մահացել է 335թ., խոր ծերության հասակում:

Ս. Եփրեմ Խուրի Ասորին ապաշխարության ուսուցիչ է: Ծնվել է 306թ. Եդեսիայում, քրիստոնյա աղքատ հողագործի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է Մծբինում: Ծնողները նրան բարեպաշտ էին դաստիարակել, սակայն մանկուց առանձնահատուկ բնավորություն ուներ և հաճախ կատարում էր չմտածված արարքներ: Մի անգամ նրան մեղադրել են ոչխարի գողության համար և բանտ նստեցրել: Երազում նա լսել է ձայն, որ կանչում էր ապաշխարության՝ կյանքն ուղղելու համար: Պատանուն արդարացրել են և ազատ արձակել: Նա ցանկացել է ապաշխարել և առանձնացել մերձակա լեռներում, դարձել ճգնավոր: 363թ., երբ պարսիկները գրավել են Մծբինը, նա ստիպված վերադարձել է Եդեսիայի մոտ գտնվող մենաստան, որտեղ հանդիպել է շատ ճգնավորների, ովքեր իրենց կյանքը շարունակել են աղոթելով: Ս. Եփրեմ Խուրին ճգնավորական աշխատանքով համարվել է Աստծո Խոսքն անդուլ ուսուցանող: Աստված նրան ուսուցչի շնորհ է տվել, նրա մոտ են եկել մարդիկ՝ լսելու նրա խրատները: Սուրբն ուսուցանել է բոլոր մեղքերի խոստովանությունները, հավատքը և բարեպաշտությունը: Կռապաշտները, լսելով սրբի քարոզները, քրիստոնյա են դարձել: Գրել է շատ աղոթքներ և հոգևոր երգեր: Եկեղեցին դարեր շարունակ բարձր է գնահատել սրբի ավանդը: Նա գրել է ասորերեն, բայց նրա մեկնությունները շատ վաղ թարգմանվել են հունարեն, հայերեն, լատիներեն նաև սլավոնական լեզուներով: Ս. Եփրեմ Խուրի Ասորին կյանքի վերջում մեկնել է Եգիպտոս և 8 տարի ճգնել Թերոդիտի նշանավոր մենաստաններում: