Հայ առաքելական եկեղեցին ընդունելի չի համարում Քրիստոսի արձանի տեղադրումը. հայտարարություն
Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ «այն հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»։ Այս որոշումն ընդունել է Գերագույն հոգևոր խորհուրդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ժողովի ժամանակ:
«Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով», - ասված է եկեղեցու հայտարարության մեջ:
Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման գաղափարին անդրադարձել էր նաև ՀՀ Առաջին նախագահը:
«Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդն, ըստ արժանվույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետեւ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին». նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը: