Փաշինյան. Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նախագծին, որը ներկայացրել էր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ նախագիծն ընդունելու դեպքում կավելանան նպաստների ու կենսաթոշակների վճարման բյուջետային ծախսերը:
Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ լավ չի հասկանում այն նախագծերը, որով կառավարությանն առաջարկում են հետ գնալ:
«Այս ամեն ինչն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն և որոնք թոշակ են ստանում: Պետությանը միլիարդների վնաս է պատճառվել, հիմա մենք առաջարկում ենք միջանցքներ թողնել, որ կրկին նույնը բանը տեղի ունենա՞։ Պետք է մարդկանց օգնել, որ հավաստագրումը իրենց համար ավելի հեշտ տեղի ունենա, բայց դա պետք է անել առաջ գնալու ճանապարհով, ոչ թե ետ գնալու»,- նշեց վարչապետը: