Հայաստանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը (ուղիղ)
Այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։
Այս պահին եղած տեղեկություններով` հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերն անխոչընդոտ բացվել են օրենքով նախատեսված ժամին։
Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 միլիոն 578 հազար 678 է։
Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը՝ 855.631, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը՝ 45.791:
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։
ՀԻշեցնենք, որ ԿԸՀ նիստում արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նաև վիճակահանությամբ ընտրություններին մասնակցելու համարներ էին տրամադրվել։ Օրինակ՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը 2-րդն է:
Նշենք՝ քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 5%-ի, իսկ կուսակցությունների դաշինքներին՝ 7%-ի շեմը:
Ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, գալով ընտրատեղամաս, կստանա 25 քվեաթերթիկ: Խցիկում նա պետք է ընտրի նախընտրելի քաղաքական ուժի քվեաթերթիկը եւ, առանց դրա վրա գրառումներ կատարելու, դնի ծրարի մեջ:
Քվեարկությունը կշարունակվի մինչեւ Երևանի ժամանակով 20։00-ը, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Կեսօրից սկսած՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ժամը մեկ տվյալներ կհաղորդի ընտրողների մասնակցության մասին:
Քվեների հաշվարկը կհեռարձակվի համացանցում.