Россия 1: «Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի համար շատ կարևոր է: Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց ռուսական Россия 1 հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում:
«Դուք գիտեք, որ այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը տեղի է ունեցել 1915-1922 թվականներին Օսմանյան Կայսրությունում: Մեզ համար սա շատ կարևոր օր է, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր օր է ողջ մարդկության համար: Եվ մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որովհետև մենք կարծում ենք, որ սա շատ կարևոր գործընթաց է ապագայում բոլոր հնարավոր ցեղասպանությունները կանխարգելելու համար: Ես կցանկանայի ընդգծել, որ դեռևս 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և մենք, իհարկե, շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի այդ դիրքորոշումը»,- ասաց Փաշինյանը: