«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ՀՀ ԱԳՆ.Մամեդյարովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը

ՀՀ ԱԳՆ.Մամեդյարովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը

ՀՀ արտգործնախարարությունը վստահեցնում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն իրականության հետ կապ չունի։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է ադրբեջանցի դիվանագետի հայտարարության վերաբերյալ մեկնաբանությունը, գրում է Sputnik Արմենիան:

«Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը»– նշված է Նաղդալյանի մեկնաբանության մեջ:

ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցնում է, որ դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր:

«Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները»,– նշում է Նաղդալյանը:

Ըստ ԱԳՆ–ի` այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը:

Հիշեցնենք` Մամեդյարովը երեկ Բաքվում ասել է, թե իբր իր և ՀՀ արտգործնախարարի վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կողմերին նոր փաստաթղթեր են ներկայացրել, որոնց վրա աշխատելու են 2-3 ամիս։

«Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորմանը վերաբերող նոր փաստաթղթեր էին մեզ ներկայացրել։ Մենք պայմանավորվեցինք երկու-երեք ամսվա ընթացքում աշխատել այդ փաստաթղթերի վրա, որից հետո համանախագահներ հերթական հանդիպման օր կառաջարկեն (արդեն նախարարների մակարդակով)», – ասել է Մամեդյարովը։