Հիվանդի մահճակալից` բանտախուց. գերությունից վերադարձած Արենը կարող է հաշմանդամ դառնալ
Ադրբեջանական գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Արեն Արամյանը կարող է հաշմանդամություն ձեռք բերել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը։
Հիղեցնենք՝ նոյեմբերի 26-ին Ադրբեջանը 2 գերի է փոխանցել Հայաստանին, որոնցից մեկն էլ Արեն Արամյանն էր։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16–ի մարտերի ժամանակ։
«Արենը դիրքի ավագն էր, մարտի ժամանակ ծնկի շրջանում վիրավորում է ստացել, որից հետո բութ գործիքով մի քանի անգամ հարվածել են նրա գլխին և գերի վերցրել։ Գլխի շրջանում կարած վերք ունի, բացի այդ, Ադրբեջանում 2 վիրահատության է ենթարկվել։ Հայաստանում պետք է վերականգնողական կուրս անցներ, որպեսզի որոշ չափով ոտքը կարողանար շարժել և քայլել։ Սակայն գերությունից վերադարձվել ու կալանավորվել է»,–ասաց պաշտպանը։
Նրա խոսքով` այժմ Արենը որևէ վերականգնողական բուժում չի ստանում։ Բացի այդ, հոգեբանորեն էլ լավ վիճակում չէ. «Ինչպե՞ս պետք է իրեն զգա մարդը, որը, սթրեսից դուրս չեկած, կալանավորվում է և չգիտի` ինչի համար»։
Գերությունից վերադառնալուց հետո Արենը կենտրոնական զինվորական հոսպիտալի բժիշկների հսկողության տակ է եղել, սակայն, ինչպես պաշտպանը նշեց, նա հիվանդի մահճակալից տեղափոխվել է բանտախուց։
Փաստաբանի խոսքով` իրավապահները որպես կալանքի հիմնավորում նշում են, թե նա կարող է այլ անձանց վրա անօրինական ազդեցություն ունենալ։ Սակայն հիմնավորումը չի գործում, քանի որ Արենի հետ գերեվարվածները, ըստ Կարապետյանի, վերադարձել են հայրենիք, հարցաքննվել, առերեսվել։ Այս պահին Արենի հետ դիրքերում եղած զինծառայողներից մեկ–երկուսը դեռ ադրբեջանական բանտերում են։
Կարապետյանը վստահ է` նրա անմեղությունն ապացուցվելու է։
«Ես ունեմ հստակ փաստեր, որ Արենը նախքան գերի ընկնելը թեժ մարտեր է վարել։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա նախաքննություն է իրականացվում, դրանց մասին բարձրաձայնել չեմ կարող»,–ասաց փաստաբանը, որը բողոքարկել է Արամյանին կալանավորվելու որոշումը։ Քննության օր դեռ չի նշանակվել։
Արեն Արամյանը մասնակցել է ինչպես քառօրյա մարտերին, այնպես էլ 2020-ի հուլիսյան մարտերին և 44-օրյա պատերազմին։ Պաշտպանը հայտնեց` Արամյանի հրամանատարությունը 44-օրյա մարտերից հետո նրան ներկայացրել է պետական պարգևի, նշում է Sputnik Արմենիան: