«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

«Իմ քայլի» հաղթանակը բացարձակ էր, բայց ոչ ամեն տեղ

«Իմ քայլի» հաղթանակը բացարձակ էր, բայց ոչ ամեն տեղ

Չնայած «Իմ քայլը» դաշինքը խոշոր հաղթանակ է տարել Հայաստանի ամբողջ տարածքում, որոշ ընտրատարածքներում, այնուամենայնիվ, նրան լուրջ մրցակցություն է ցույց տրվել այլ քաղաքական ուժերի կողմից, գրում է fip.am-ը:

Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում, ինչպես և կանխատեսել էին բոլոր հարցումները և քաղաքական մեկնաբանները, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը տարավ խոշոր հաղթանակ և յոթերորդ գումարման ԱԺ-ում կունենա բացարձակ մեծամասնություն՝ ԱԺ տեղերի ուղիղ ⅔-ը կամ՝ 88 տեղ: Երկրորդ տեղով անցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կունենա 26 տեղ, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 18։

«Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել բոլոր մարզերում և գրեթե բոլոր բնակավայրերում, սակայն կան մի քանի բացառություններ։

Մասնավորապես, տոկոսային հարաբերակցությամբ ԲՀԿ-ն ամենաշատ ձայները ստացել է Կոտայքի մարզում՝ թիվ 10 ընտրատարածքում։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայրենի մարզում կուսակցությունը հավաքել է 16.5%, որը կրկնակի ավել է, քան երկրով մեկ հավաքած 8.3%-ը:

Ավելին, ըստ ընտրությունների արդյունքների, ԲՀԿ-ի աջակցության ցուցանիշը առավել բարձր է 28 և 29 տարածքային ընտրական հանձնաժողովների լիազորության տակ գտնվող տարածքներում, որոնք ընդգրկում են Կոտայքի մարզի հարավային մասը՝ Աբովյան և Բյուրեղավան քաղաքներն ու շրջակա գյուղերը։ Այս երկու տարածքներում ԲՀԿ-ն հավաքել է ձայների, համապատասխանաբար, 19.1 և 21.5 տոկոսը։ Իսկ ահա Ծառուկյանի ծննդավայր Առինջ գյուղում ԲՀԿ-ն ստացել է ձայների մեծամասնությունը՝ 66%-ը, իսկ «Իմ քայլը» դաշինքը՝ ընդամենը  26%-ը։

Բացի սա, «Բարգավաճ Հայաստանը» հաղթանակ է տարել նաև Արարատի մարզի Ազատաշեն գյուղում և Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում: Այս երկու բնակավայրերում էլ ԲՀԿ-ն ստացել է ընտրողների 72%-ի աջակցությունը։ Ազատաշենի համայնքապետը, նշենք, ԲՀԿ անդամ Սարգիս Ստեփանյանն է։

ՀՅԴ-ն, որը անցողիկ շեմը չի հաղթահարել, հաղթանակ է տարել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում՝ ստանալով ձայների 75%-ը՝ «Իմ քայլը» դաշինքի 21%-ի դիմաց։ Այս գյուղի համայնքապետն է Վաչիկ Սաղաթելյանը, որն անկուսակցական է, սակայն սերտ կապեր ունի Դաշնակցության հետ։ Համայնքապետի հայրը ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն է, որն այս տարվա ընթացքում Փաշինյանի կողմից նշանակվեց և հետո հեռացվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։

Դաշնակցությունը զգալի տոկոս է ստացել նաև Արագածոտնի մի քանի գյուղերում, որոնցից են, օրինակ, Կաթնաղբյուրը՝ 44%, Ոսկեթասը՝ 41%, Գեղաձորը՝ 35%, Հարթավանը՝ 35%, Իրինդը՝ 27%, Սուսերը՝ 27%, Կաքավաձորը՝ 20%, Ուջանը՝ 19%։ Առաջին երկուսում ՀՅԴ-ն չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը, բայց ստացել է ավելի շատ քվե, քան «Իմ քայլը» դաշինքը։ Այս գյուղերն ավանդաբար համարվել են «դաշնակցական», և որոշներում գործող համայնքապետերը ՀՅԴ անդամներ են, օրինակ՝ ԿաթնաղբյուրիՈւջանիԿաքավաձորի գյուղապետերը։

Դաշնակցությունը ձայների քանակով երկրորդն է եղել նաև Սյունիքի Շուռնուխ գյուղում։ Այնտեղ «Իմ քայլը» ստացել է ընտրողների քվեների 44%-ը, իսկ ՀՅԴ-ն՝ 31%-ը։

Միակ բնակավայրը, որտեղ հաղթանակ է տարել երկու տասնամյակ երկիրը կառավարած Հանրապետական կուսակցությունը, Արարատի մարզի Լանջազատ գյուղն է։ Այստեղ ՀՀԿ-ն ստացել է քվեների 57%-ը, իսկ «Իմ քայլը» դաշինքը՝ 32%-ը: Սա կարող է բացատրվել նրանով, որ Լանջազատի գյուղապետ Հրայր Հակոբջանյանը ՀՀԿ ռեյտինգային թեկնածու է։

ՀՀԿ-ն ձայների զգալի մասին է արժանացել նաև Արարատի մարզի Նոյակերտ գյուղում՝ 30%՝ «Իմ քայլի» 61%-ի դիմաց և Լոռվա մարզի Ալավերդի քաղաքում։ Այնտեղ ՀՀԿ-ն ստացել է ձայների 15%-ը։ Հատկանշական է, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Էդուարդ Շարմազանովի հայրենի Սանահին-Սարահարթ թաղամասում, որտեղ բնակվում է Ալավերդու բնակչության մոտ կեսը, ՀՀԿ-ն ստացել է 19%։

Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն էլ բավական մեծ աջակցություն է ստացել Տավուշի մարզի Ենոքավան գյուղում՝ հավաքելով քվեների 29%-ը։ Սա, թերևս, կարելի է բացատրել նրանով, որ Ենոքավանում գտնվող Yell Extreme Park-ի սեփականատեր Տիգրան Չիբուխչյանը ՔՈ-ի աջակից է և, ըստ մամուլի հրապարակումների, ֆինանսապես աջակցել է կուսակցությանը։

Եվ վերջում նշենք, որ Սասուն Միքայելյանի հայրենի թաղամասում՝ Հրազդանի Վանատուրում, «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 93%-ը, եզրափակում է fip.am-ը:

Հովհաննես Նազարեթյան