«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ինչո՞ւ է ցամաքել «հավաստի աղբյուրը». «ՉԻ»

Ինչո՞ւ է ցամաքել «հավաստի աղբյուրը». «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Նկատեցի՞ք, որ «Հայկական ժամանակի» «հավաստի աղբյուրը» կիսատ թողեց մոլորյալ հասարակությանը լուսավորելու առաքելությունը և այդպես էլ չներկայացրեց, թե մեր տարածաշրջանում «իրականում ինչ է ուզում Արևմուտքը»։ Թե ինչ է ուզում՝ շատե՛րը գիտեն կամ կռահում են, խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հենց այդ կետի վրա «լռվեց»։

Հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի գրեր «հուսալի աղբյուրը», եթե շարունակեր հոդվածաշարը։ Ամենայն հավանականությամբ, մոտավորապես այսպիսի մի բան։ Արևմուտքի համար մեր տարածաշրջանում գերխնդիրը ռուսներին վերջնականապես դուրս մղելն է, իսկ Հայաստանն, ուզենք, թե չուզենք, Հարավային Կովկասում միակ երկիրն է, որը (համենայն դեպս՝ «թղթերով») ՀԱՊԿ անդամ է, և որտեղ միջազգային օրենքների տեսանկյունից լեգիտիմորեն տեղակայված են ռուսական ռազմաբազաներ։ Միաժամանակ ակնհայտ է նաև, որ Հայաստանի ռազմավարական միակ արժեքը հայ-իրանական սահմանն է, չլիներ այդ սահմանը՝ Հայաստանի միջազգային կարևորությունը կլիներ մոտավորապես նույնքան, որքան, ասենք, Հարավային Օսեթիայինը կամ Ռուսաստանի Լիպեցկի մարզինը։ Արևմուտքը, բնականաբար, պիտի ձգտի մեր տարածաշրջանից դուրս մղել ռուսներին, ընդ որում՝ ծրագիր-մաքսիմումն ամբողջովին դուրս մղելն է, ծրագիր-մինիմումը՝ գոնե հայ-իրանական սահմանի վերահսկողությունը ռուսներից խլելը։ Տեսականորեն դա հնարավոր է անել երկու ճանապարհով։ Առաջին՝ Հայաստանը կարողանում է «լեզու գտնել» Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ստորագրվում է «խաղաղության համաձայնագիրը», որով ճանաչվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որից հետո Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սկսվում է ռուսական ռազմաբազաների դուրսբերման գործընթաց, ճանապարհները բացվում են, ռուսներն էլ ընդհանրապես գործ չեն ունենում հայ-իրանական սահմանի հետ։ Երկրորդ՝ «խաղաղության համաձայնագիր» ստորագրել չի հաջողվում, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ուժով բացում է «Զանգեզուրի միջանցքը» կամ գրավում է ամբողջ Սյունիքը, Արևմուտքը մարդասիրական մղումներով փրկում է այն, ինչ մնում է Հայաստանից, ռուսները, որոնք չկարողացան կանխել դա, դուրս են մղվում տարածաշրջանից, «թյուրքական միջանցքն» էլ սկսում է անխափան աշխատել։ Այդպիսով Հայաստանը կորցնում է իր ինքնիշխան տարածքի մոտ 15 տոկոսը (մոտավորապես այնքան, որքան Վրաստանը), որից հետո, արդեն ռուսական ազդեցությունը թոթափած, նույն Վրաստանի օրինակով ինտեգրվում է Արևմուտքին։ Իսկ Արցախը, եթե նկատեցիք, Արևմուտքի հետաքրքրությունների շրջանակում ընդհանրապես չկա։ Դա ընդամենը տարածք է, որտեղ կան հայեր և ռուս խաղաղապահներ, չլինեն հայեր՝ չեն լինի նաև ռուս խաղաղապահներ։

Իսկ ինչո՞ւ «հավաստի աղբյուրը» սա չի գրում։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով Ռուսաստանի՝ ակնհայտորեն ոչ բարեկամական մտադրությունները Հայաստանի վերաբերյալ, որպես հակակշիռ կարևորում է արևմտյան հարթակները։ Ու եթե ներկայացներ Արևմուտքի «իրական ցանկությունները»՝ կստացվեր, որ գիտակցաբար է երկիրը ներքաշում մի հորձանուտի մեջ, որտեղից առանց լրջագույն կորուստների դուրս գալու շանսերը չնչին են։ Բացի այդ էլ հարց կառաջանար՝ այդ ինչպե՞ս ես հաջողացրել երկիրը հասցնել այնպիսի վիճակի, որ բոլոր ուժային բևեռներն ու հարևանները կամ ուզում են Հայաստանի՛ց ինչ-որ բան պոկել, կամ Հայաստանի տարածքների ու արյան հաշվին՝ իրարից ինչ-որ բաներ խլել։ 

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: