Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դատարան մտնում դատավորների համար նախատեսված մուտքից
Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:
Դատական նիստի սկզբում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն, արդեն երկրորդ անգամ, դատարան է մտնում փակ՝ դատավորների համար նախատեսված մուտքից.
«Ի՞նչ շփումներ են լինում մեղադրյալի հետ և ինչո՞ւ է նա մտնում այդ մուտքից»,- հարցրել է դատախազը՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը տեղեկացված է այդ մասին։
Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը պնդել է, որ շփում չի կարող լինել, իրեն հայտնի չէ այլ մուտքից մուտք գործելու հանգամանքը:
«Որևէ մեկն ինձ այդ մասին չի դիմել, իմ կողմից նման կարգ չի սահմանվել: Ինչ վերաբերում է շփումներին՝ բացարձակ շփում չկա», – ասել է դատավորը:
Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նկատել է, որ ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահները, համապատասխան օրենքի համաձայն, ունեն հատուկ կարգավիճակ: Ըստ դրա՝ տեղաշարժվում են հատուկ ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում՝ դատական նիստերի դահլիճ մուտք են գործում այլ մուտքից։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հավելել է, որ իրենք կսպասեն դատարանի պարզաբանմանը:
Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը քննել է դատավորի ինքնաբացարկի հարցը և որոշում կայացնելու համար գնացել ընդմիջման:
Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15:15-ին: