Վերա Խաչատրյան. «Ինչպես հանձնել են ադրբեջանցիներին, այնպես էլ թող վերադարձնեն հայրիկիս»
Կարմիր խաչի ավտոմեքենայից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, այսօր ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի դիմաց պահանջել է, որ ԿԽՄԿ–ն` որպես ամբողջ աշխարհում լծակներ ունեցող միջազգային կառույց, ինչ–որ տեղեկություն հայտնի իր հորից կամ ինչ–որ կերպ օգնինրան։
«Հիմա իմ ծնողներն ու հարզատները Արցախում են, ու իմ հույսը հիմա դուք եք` ՀՀ–ում ապրողները։ Խնդրում եմ` ինձ միայնակ մի թողեք, խնդրում եմ կանգնել իմ կողքին»,– ասաց նա։
Հիշեցնենք՝ երեկ Կարմիր խաչից հայտնել էին, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին, և նրան իբր հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ:
Վերա Խաչատրյանը նշեց, որ իրեն կամ մյուս հարզատներին չի հաջողվել կապ հաստատել հոր հետ։
«Մենք միայն այն գիտենք, որ հայրս Բաքվում է, հիվանդանոցում է»,– նշեց նա։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը հերքեց նաև այն լուրերը, թե իր հայրը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վարորդն է եղել։
«Այդ առումով տարածված լուսանկարները կեղծ են, սուտ են, դա իմ հայրը չէ»,– ընդգծեց Վերա Խաչատրյանը։
«Ես ոչ միայն ՄԱԿ-ի գարսենյակից, այլ առհասարակ բոլորից պահանջ ունեմ՝ վերադարձնել հայրիկիս։ Ամեն մեկն իր լծակները թող կիրառի, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց Վերա Խաչատրյանը՝ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը:
«Ինչպես բերել, հանձնել են ադրբեջանցիներին, այնպես էլ թող վերադարձնեն: Իմ հայրը հանցագործ չէ, նա ապրել է իր կյանքն արժանապատիվ, և ոչ ոք իրավասու չէ իմ հայրիկին հանցագործ անվանել: Հայրս շատ վատ առողջական վիճակում է, պետք է բաց վիրահատություն տաներ: Ես նույնիսկ հիմա չգիտեմ՝ իմ հայրը ո՞ղջ է, սիրտը դիմացե՞լ է, թե՞ չկա»,-ասաց նա: