Մանրամասներ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Մստեփանյանը ներկայացրել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից Վագիֆ Խաչատրյանի առևանգման մանրամասները։
«Անձնագրերը ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա համայնքի բնակիչ, 1955թ․ ծնված Վագիֆ Խաչատրյանն իր անձնագիրը ներկայացրել է ադրբեջանական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին, որոնք այնուհետև անձնագիրը չեն վերադարձրել նրան։ Վագիֆ Խաչատրյանի դստեր և ԿԽՄԿ-ի ներկայացուցչի հարցին, թե ինչու չեն վերադարձնում անձնագիրը, ադրբեջանցիները պատասխանել են, որ 5 րոպեից կտրամադրեն»,– ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփանյանը։
Նրա խոսքով` այդ ընթացքում Վագիֆ Խաչատրյանին ուղեկցել են ադրբեջանական անօրինական «անցակետում» տեղակայված բժշկական սենյակ, որտեղ նրան հարցեր են ուղղել առողջության հետ կապված, հետաքրքրվել ՀՀ տեղափոխվելու առողջական պատճառներից։
Այնուհետև Վագիֆ Խաչատրյանին տեղեկացրել են, որ պետք է 15 րոպեով ուղեկցեն «անցակետի» մոտակայքում տեղակայված սենյակներից մեկը մի քանի հարց ուղղելու համար։ Վագիֆի դուստրը և ԿԽՄԿ ներկայացուցիչը պնդել են, որ հարցերը կարող են ուղղել հենց անցակետում, այլ տեղ տեղափոխվելու անհրաժեշտություն չկա։ Դրանից հետո ադրբեջանցիները սպառնացել են, որ դա կանեն ուժի կիրառմամբ։ Այդ նույն ժամանակ, ըստ վկայությունների, «անցակետի» մոտ ինքնաձիգերով զինված բազմաթիվ ադրբեջանցի ծառայողներ են հավաքվել։
«Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված։ Մոտ 10 րոպե անց «Շեվրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Այս բոլոր գործողությունները ընթացել են Վագիֆ Խաչատրյանի դստեր ներկայությամբ, որը փորձել է անել հնարավորը հոր առևանգումը կանխելու համար, սակայն նրան սպառնացել են ուժի կիրառմամբ»,– գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Արցախի ՄԻՊ–ը պահանջում է, որ ԿԽՄԿ–ն հանդես գա հրապարակային հայտարարությամբ` իրավական գնահատական տալով ադրբեջանական այդ հանցագործությանը, ձեռնարկել ԿԽՄԿ մանդատից բխող բոլոր գործողությունները Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու, մինչև վերադարձնելը Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանությունն ապահովելու, նրա նկատմամբ խոշտանգման, կտտանքների և անմարդկային վերաբերմունքի դրսևորումները բացառելու ուղղությամբ։
Գեղամ Ստեփանյանը միջազգային կազմակերպություններից պահանջում է հիմք ընդունել ԿԽՄԿ–ի, մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հնչեցվող ահազանգը` Բաքվի կողմից Արցախ ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ։
Նշեմք, որ հուլոսո 29-ին Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին,առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզում առկա չէ, Բաքուն կեղծում է։ Այս հայտարարությունն արել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` հերքելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը, թե Խաչատրյանը 2013 թվականից միջազգային հետախուզման մեջ է։
«Նրա իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, որը ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս առևանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,– գրել է Մանասյանը ֆեյսբուքյան էջում։
Նա հիշեցրել է նաև, որ ԿԽՄԿ-ի կողմից հրատապ բժշկական օգնություն ստանալու նպատակով անձանց տեղափոխումը համաձայնեցվել է ադրբեջանական իշխանությունների հետ, որից հետո է միայն ԿԽՄԿ-ն կատարել միջազգային մարդասիրական առաքելությունը։ Սույնով Ադրբեջանը խախտել է 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևյան կոնվենցիան և Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին լրացուցիչ արձանագրության (Արձանագրություն 1) 37-րդ հոդվածը։
Պաշտպանը կարևոր է համարել շեշտել, որ պետությունների կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերող կազմակերպության, այս դեպքում՝ ԿԽՄԿ-ի մարդասիրական առաքելությանը խոչընդոտելն անթույլատրելի է և հակասում միջազգային-իրավական սկզբունքներին։
«Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ դեպքում ադրբեջանական իշխանությունները չեն պահպանում քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը գտնվում են ՄԻՊ անմիջական ուշադրության ներքո և այդ հարցով ես կապի մեջ եմ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային գործընկերների հետ»,– նշել է Մանասյանը:
ՀՀ ՄԻՊ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Վագիֆ Խաչատրյանին առևանգելու հարցով պատրաստվում է դիմել միջազգային կազմակերպություններին։Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող, առողջական լուրջ խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մանրամասն ծրագրված է եղել։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` արձագանքելով Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը, որի համաձայն Վագիֆ Խաչատրյանը ձերբակալված է։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ–ն նախապես կողմերին տրամադրում է տեղափոխվող հիվանդների ցուցակները և միայն համաձայնեցնելուց հետո է իրականացնում նրանց տեղափոխումը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո կեղծ նարատիվներով և մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին` հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ ևս կիրառելու վերաբերյալ»,– ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։
ԱԳՆ–ն շեշտել է, որ Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի։ Այն նաև միտված է ամբողջությամբ արգելափակելու ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը և առհասարակ խոչընդոտում է այլ մարդասիրական կազմակերպությունների մուտքը ԼՂ:
«Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունների այս գործողությունն իրենից ներկայացնում է երկրի նախագահի կողմից մայիսի 28-ին արված՝ «Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ԼՂ հայերի համար դաս լինելու, նրանց՝ գլխիկոր ներկայանալու» հայտարարության և շարունակաբար հնչող սպառնալիքների ուղղակի իրականացում, որոնց մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է միջազգային գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել այդ և նմանօրինակ այլ հայտարարությունները»,– նշված է հայտարարությունում։
Ըստ նախարարության` այս գործելակերպը ևս մեկ անգամ ի ցույց է դնում 44-օրյա պատերազմից հետո Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, ինչպես նաև ս.թ. մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված զինծառայողներին չվերադարձնելու, նրանց նկատմամբ շինծու դատավարությունների իրականացման հարցում ադրբեջանական կողմի փաստարկների սնանկությունը:
ԱԳՆ–ն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումից հրաժարվելուն զուգահեռ իրականացվող այս ինքնիրավչությունը միտված է ԼՂ բնակչության ահաբեկմանը և ևս մեկ անգամ լուրջ կասկածի տակ է դնում միջազգային ներգրավածության բացակայության պարագայում ԼՂ ժողովրդի ոչ միայն նվազագույն իրավունքների ապահովման, այլև կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը:
Գերատեսչությունն անընդունելի և դատապարտելի է համարում Ադրբեջանի կողմից այսօրիրականացված հանցավոր գործողությունը և Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը և ակնկալում միջազգային հանրության միասնական և հստակ քայլերը, այդ թվում` առկա գործիքակազմի օգտագործումը՝ ուղղված Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի վերականգնման, Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեության ապահովման և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի ապահովման ուղղությամբ։
Լաչինի միջանցքով մարդասիրական գործողություններից առաջ որոշում կայացնող կողմերը տեղեկացված են լինում, թե ովքեր են լինելու տեղափոխվող քաղաքացիները, տվյալները փոխանցվում են, հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ նշելով, որ այս անգամ ևս այդ կանոնն իրենց կողմից լիարժեքորեն պահպանվել է։
«Եթե խնդիրներ են առաջ գալիս, մենք ուղղում ենք որոշում կայացնողների հետ, որպեսզի տեղափոխումն անխափան լինի, սակայն դա անում ենք կոնֆիդենցիալ»,- ասել է նա:
Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
ԿԽՄԿ-ն հայտարարություն է տարածել Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։
Առանց մանրամասներ հայտնելու միջազգային կառույցը միայն տեղեկացնում է, որ Լաչինի միջանցքով 15 հիվանդի տեղափոխելիս նրանցից մեկը «ձերբակալվել է»։
Թե ովքեր, ինչ հիմնավորմամբ, ինչպես են «ձերբակալել» բուժառուին, ԿԽՄԿ-ը չի պարզաբանում։
Փաստելով, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում Լաչինի միջանցքով մոտ 680 հիվանդներ են տեղափոխել, կազմակերպությունը հայտարարում է․ «Մենք աշխատում ենք թափանցիկ, համակարգում ենք կողմերի հետ և գործում ենք միայն նրանց համաձայնությամբ: Այսօր այդպես էր»»:
ԿԽՄԿ-ն հավաստիացնում է, որ իր ներկայացուցիչները «հնարավորինս շուտ կայցելեն կալանավորված հիվանդին և կապի մեջ են ընտանիքի հետ»։