Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին հիշեցրել է Արցախյան պատերազմը
Իրանը հայտարարել է, որ փաստեր ունի, որոնք հաստատում են Ադրբեջանի Հանրապետություն ահաբեկչական խմբավորումների տեղափոխման մասին։ Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն` Իրանի ազգային ռադիոյին տված հարցազրույցում:
«Իրանը տիրապետում է նրանց խոսակցությունների ձայնագրություններին, որոնք ձեռք է բերել հետախուզության միջոցով», - ասել է իրանցի պաշտոնյան։
Նա հիշեցրել է, որ Իրանը կովկասյան զարգացումներում ողջունել է հարևան երկրների իրավունքների վերականգնումը, մասնավորապես` «Ադրբեջանի Հանրապետության իրավունքների վերականգնումը»` Արցախյան պատերազմի արդյունքում։
«Մինչդեռ, մենք կարծում էինք, որ պատերազմը դրան հասնելու ճիշտ մեթոդը չէ և ընդգծում ենք դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտությունը», - ասել է նա:
Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանը և Ռուսաստանն են աջակցել անցյալ տարի Ղարաբաղյան պատերազմից հետո պատերազմող կողմերի միջև դիվանագիտական բանակցությունների վերականգնմանը։
Հիշեցնենք, որ 2020թ.-ի դեկտեմբերի 20-ին Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Թեհրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Նշենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Տեղեկությունը հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերից բխող՝ հանձնման և քրեական գործերով իրավական օգնության բնագավառում համագործակցության, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեմ համատեղ պայքարին, նման հանցավոր դեպքերով քննությունների, հանցավոր ծագման ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումների շարունակման խնդիրները:
Անդրազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում գլխավոր դատախազների կողմից կարևորվել է տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտությունը, որն արդիական է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում հակամարտության գոտի նման խմբավորումների տեղափոխման և տեղակայման պատճառով: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այս հարցում իրանական կողմի ընդգծված անհանդուրժողական դիրքորոշումը, և փոխանցել այս չարիքի դեմ համատեղ պայքարում ցանկացած ձևաչափով ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությունը: Պարոն Մոթազերին ևս շեշտել է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության առկա այդ սպառնալիքի դիմագրավման խնդիրը՝ նշելով, որ Իրանն իր անմիջական հարևանությամբ չի հանդուրժելու ահաբեկչության ծավալում:
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր, մասնավորապես, Արաքս գետի ավազանի բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի և բնապահպանական խնդրների լուծման իրավական մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները: