«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Ժամանակ». Սա դիվերսիա է․ նախկին ուժերի խուճապն իրենց մատնում է

«Ժամանակ». Սա դիվերսիա է․ նախկին ուժերի խուճապն իրենց մատնում է

«Ժամանակ»-ի զրուցա­կիցն է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

- Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարել է. «Հայաստանի նախագահը անձեռնմխելի է, և այն նորմը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ տեղին չէ.  հիմնավոր կասկածը բացակայում է։ Սահմանադրական կարգ տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից»: Ինչո՞ւ այսօր և այսպիսի տոնայնությամբ, ի՞նչ եք կարծում:

- Ընդհանրապես այս պլանավորված, կազմակերպված, քարոզչական ստի և կեղծիքի վրա հիմնված դիվերսիան արդեն տևական ժամանակ է, որ հասարակական-քաղաքական շրջանակներում ներարկվում է այն մարդկանց կողմից, ովքեր հեղափոխությունից հետո հասկանալով, որ իրենց հանցանքներն արդեն բացահայտվում են, ստիպված ամեն հնարավոր ստի և կեղծիքի գնով փորձում են խուսափել պատասխանատվությունից: Ձեր նշած անձը, որպես փաստաբան, սպասարկում է և նաև արդեն քաղաքական հայտարարություններ է անում: Այս ամբողջը նույն տրամաբանության մեջ է:

- Ընդդեմ ո՞ւմ:

- Մեծ հաշվով՝ նպատակը հետևյալն է. իրենք կատարել են ծանրագույն հանցանք պետության և ժողովրդի նկատմամբ, մտածել են, որ անպատիժ են մնալու, վայելելու են իրենց հանգիստը և ժողովրդից կեղեքված հարստությունն ու ունեցվածքը: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, իշխանափոխություն, և նոր իշխանությունը խնդիր է դրել բացահայտել Մարտի 1-ի ծանրագույն  հանցագործությունը, և նրանք նպատակ ունեն ամեն գնով պլստալ արդարադատությունից, դրա համար իրենք պատրաստ են մեղադրել ինձ, Ձեզ, Աստծուն, աշխարհի բոլոր ուժերին, միայն թե իրենց վրայից դա կարողանան գցել: Քանի որ 2008թ. նախագահի թեկնածուն Տեր-Պետրոսյանն է եղել, բնականաբար հիմնական թիրախը պետք է նա դառնար և այն իշխանությունը, որն այսօր փորձում է բացահայտել Մարտի 1-ը: Այս առումով զարմանալու բան չկա: Ավելին ասեմ՝ այդ խուճապը, որ տիրում է իրենց մոտ, իրենց մատնում է, և այն մտքերը, որ հնչեցնում են, ցույց է տալիս, թե ինչքանով են անպատրաստ իրենց իսկ պաշտպանությանը, որովհետև այն փաստարկները, որ բերում են, ուղղակի ծիծաղելի են և միայն խղճահարություն են հարուցում:

- Մի նորություն նկատեմ. Մարտի 1-ի գործի օբյեկտիվության վերաբերյալ վերջերս կասկածներ սկսեցին հնչել նաև Արցախից, սա ի՞նչ միտում է:

- Կարծում եմ՝ հարցն իրենց պետք է տալ, կարծում եմ, որ շատ աննպատակահարմար է և սխալ, որ Արցախի իշխանության ներկայացուցիչները նման դիրքորոշումներ են հայտնում, որովհետև մեկ երկրի պաշտոնական ներկայացուցիչները փորձում են կասկածներ հայտնել երկրորդ երկրի արդարադատության և իրավապահ համակարգի գործունեության նկատմամբ, ինչը տեղին չէ. սա իմ կարծիքն է, բայց թե դա որքանով է տեղավորվում այսօրվա հարաբերությունների մեջ, այդ հարցին, կարծում եմ, պիտի ուշադրություն դարձնեն նաև իշխանությունները:

- Իսկ միգուցե մարդկայնորեն պաշտպանում են իրենց մարտական ընկերներին, ովքեր հայտնվել են այս թնջուկում:

- Նախ՝ որքանով ես լսել եմ, ինձ մոտ տպավորություն էր, որ նման կարծիք հայտնող մարդիկ ուղղակի տեղյակ չեն գործի մանրամասներին, որովհետև եթե տեղյակ լինեին և նույնիսկ մարտական ընկերներ լինեին, չեմ պատկերացնում մի մարդ, որը այդ մեղադրանքների պարագայում և ապացույցների բեռի տակ նման բան կասեր: Եթե մարդկայնորեն է, հասկանում եմ, բայց պաշտոնական ներկայացուցիչները նաև կաշկանդված են իրենց պաշտոնական գործունեությամբ: Որևէ պաշտոնյա չի կարող իր խելքի ուզածն անել, որովհետև կաշկանդված է իր կարգավիճակով և գործառույթներով:

- Օրինակ՝ Սեյրան Օհանյանը ստիպված եղավ 0038 հրամանից որոշ պարզաբանումներ անել, սա պարզ ինքնապաշտպանությո՞ւն է, թե՞ այլ տիրույթում պետք է դիտարկենք:

- Գիտենք՝ Ս. Օհանյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել, և նա էլ պիտի փորձի պաշտպանվել, բայց այդ հրամանը և մեղադրանքը, ըստ իս, այնքան հիմնավոր է, որ այդ արդարացումները հեռու տանող դրական հետևանքներ իրենց համար չեն կարող ունենալ:

- Բանը հասել է նրան, որ անգամ վիճելի է դարձել, թե բանակը Մարտի 1-ի իրադարձություններին ներքաշված է եղել, թե ոչ: Հիմա դիսկուրսը դրա շուրջ է:

- Դիսկուրս չկա, կա փորձ՝ ստով, կեղծիքով, մանիպուլյացիայով խեղաթյուրել ակնհայտ փաստերը և փորձել խուսափել, փախչել պատասխանատվությունից… Այստեղ կան փաստեր, որոնց վերաբերյալ չեն կարող տարբեր մոտեցումներ լինել, փաստերն իրենք խոսում են իրենց մասին: Եվ փորձել վիճելի սարքել անվիճելին, փորձել անհասկանալի դարձնել պարզը և հասկանալին, անում են միայն նրանք, ովքեր շահագրգռված չեն անվիճելիի, ճշմարիտի և հասկանալիի հաղթանակով:

- Տեղեկատվական այս փոթորիկն ում էր ձեռնտու, այն էլ իրարամերժ ֆիլմերի զգայական ֆոնին:

- Շատ պարզ է, որ ձեռնտու է նրանց, ովքեր շահագրգռված չեն Մարտի 1-ի գործի բացահայտմամբ, և ովքեր շահագրգռված չեն Հայաստանում ժողովրդավարության հաստատմամբ, որովհետև Մարտի 1-ի չբացահայտումը Հայաստանին չի թողնելու դառնալ ժողովրդավարական երկիր: Եվ այն ուժերը, որոնք այս հարձակումն սկսել են, ունեն այդ հստակ նպատակը, և դա բացառապես անձնական մոտիվացիա ունի. իրենք ուզում են խուսափել այդ ոճրագործության համար պատասխանատվություն կրելուց…

- Հարցերի հարցը մնում է այն, թե ով է կրակել և ում հրամանով:

- Պատասխանը մեկն է, չէր կարող կրակել այլ մեկը, քան իշխանության կողմից գործադրված իրավապահ համակարգը. իրավապահ համակարգը չէր կարող հրաման ստանալ այլ մարդուց, քան երկրի բարձրագույն ղեկավարությունն է… Դատարանում հրամանը կբացվի, և բոլորը կտեսնեն, ո՞ւր են փախչելու: Եվ եթե նման հրաման չի տրվել, և ինչ-որ մարդիկ կրակել են, այդ դեպքում ինչու այդ մարդիկ չեն պատժվել, ինչու ոչինչ չի արվել, որ այդ  մարդիկ բացահայտվեն… Ստով երկար ճանապարհ չեն կարող գնալ: