Կալյուրանդն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն իր մտահոգությունն է հայտնել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
Իր հայտարարության մեջ նա կոչ է արել արագ վերսկսել բանակցությունները:
«Մարտի 8-ին Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարող գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Չնայած ցուրտ պայմաններին, խողովակաշարը չի վերանորոգվել, և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից արդեն մեկ շաբաթ: Անհրաժեշտ է անխոչընդոտ մուտք ապահովել այն տարածք, որտեղ վնասված է գազատարը, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերականգնվի գազի մատակարարումը»,- նշել է Կալյուրանդը:
Նրա խոսքով, միևնույն ժամանակ մարտի սկզբին եղան ինչպես Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մասին տեղեկություններ, այդ թվում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մի քանի գյուղերի ուղղությամբ ականանետային ռմբակոծությունների մասին հաղորդումներ: Ըստ Մարինա Կալյուրանդի եղել են նաև տեղեկություններ այն մասին, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական բանակը բարձրախոսներով տեղի հայ բնակչությանը գյուղերը լքելու կոչեր է հնչեցրել՝ ուժեղացնելով հոգեբանական ճնշումը և ուժի կիրառման սպառնալիք:
«Ես լրջորեն մտահոգված եմ այս զարգացումներով և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով: Խստորեն դատապարտում եմ խաղաղ բնակչության դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողություն։ Ես կրկնում եմ շուտափույթ բանակցությունների վերսկսման իմ կոչը և հիշեցնում ԵՄ-ի պատրաստակամությունն ուժեղացնելու աջակցությունը վստահության ամրապնդման, հումանիտար և այլ խնդիրների լուծման համար»,- նշել է Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը: