Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը (տեսանյութ)
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:
Իրանի կառավարությունը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր որոշել Կապանում հյուպատոսություն բացել: Իսկ այս տարվա օգոստոսի նշանակվել էր գլխավոր հյուպատոսը, ընտրվել շենքը:
Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշեց․ «Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու ԻԻՀ կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը տալիս է Իրանի և հայ ժողովրդի հազարամյա հարաբերություններին։ Ես ուզում եմ հայտնել, որ ԻԻՀ-ն ՀՀ և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Մենք կաշխատենք, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ավելի զարգանան։ Սյունիքի մարզը հանդիսանում է հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկը։ Մենք Հայաստանը համարում ենք հյուսիս-հարավ մայրուղում գտնվող կարևորագույն երկրներից մեկը։ Եվ մենք մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այդ տարանցիկ ուղին, ինչպես նաև ապրանքափոխադրումներն ու ուղևորափոխադրումներն այս ուղիով զարգանան»։
Նա նաև հիշեցրեց ԻԻՀ կառավարության պատրաստակամությունը փոխադարձաբար Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ:
Իրանի համար բացարձակ անընդունելի են տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխություն, պատմական սահմանների փոփոխություն։ Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցում ասել է Իրանի արտգործնախարարը։
«Մենք ունենք ընդհանուր նպատակներ, կարծիքներ & մտահոգություններ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք նույնպես քննարկել ենք»,-ասել է Աբդոլլահիանը։