«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Կարեն Հարությունյան. Փաշինյանն Ալիևի ոսկե ձկնիկն է, որին վերջում կարող է գարեջրով ճաշակել

Կարեն Հարությունյան. Փաշինյանն Ալիևի ոսկե ձկնիկն է, որին վերջում կարող է գարեջրով ճաշակել

Հայաստանի իշխանությունները ինքնախաբեության շրջապտույտի մեջ են։ Կարծում են, որ բանակցություններում մեկնարկային պահանջները թուլացնելով՝ հասնելու են խաղաղության պայմանագրի։ Պայմանագիր, որ եթե անգամ կնքվի, խաղաղություն չի բերելու։

2021-ի՝ խաղաղության օրակարգով ընտրություններից ի վեր Հայաստանն ու Արցախը տեսնում են միայն պատերազմ ու մահ՝ 2021-ի մայիս (Սև լիճ), 2022-ի մարտ՝ Փառուխ, 2022-ի օգոստոս՝ մարտեր Լաչինի միջանցքում և Արցախի այլ վայրերում, 2022-ի սեպտեմբեր՝ հայկական կողմից 230 կյանք խլած մարտեր Գեղարքունիքից մինչև Սյունիք, 2022-ի դեկտեմբերից՝ Արցախի շրջափակում։ Այս ընթացքում բազմաթիվ այլ բախումներ ու ողբերգական միջադեպեր։

2022-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե կարգավիճակի նշաձողը մի փոքր իջեցնենք, միջազգային լայն կոնսոլիդացիա կլինի։ Այս հայտարարությունից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղ եզրույթն ընդհանրապես դուրս է եկել գործածությունից։ 
2022-ի հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը ստորագրում է հայտարարություն՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կրկին հույսն այն էր, որ վերջապես Իլհամը կգթա իրեն ու վերջապես կհամաձայնի խաղաղության պայմանագիր կոչվածին։ Բայց պարոն Ալիևը միամիտ չէ․ նրա պահանջները գնալով խորանում են։

Փաշինյանը շարունակում է նշաձողի իջեցումը։ 2023-ի մայիսին նա արդեն կոնկրետ թվերով՝ 86,600-ով է ճանաչում՝ Լեռնային Ղարաբաղը հատուկ ընդգծելով դրա մեջ։ Ավելին, ասում է, թե ով չի ճանաչում Ադրբեջանի 86,600-ը, ուրեմն չի ճանաչում Հայաստանի 29,800-ը։ (Եվ այս ասողը ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի ղեկավարն է):

Հիմա արդեն Իլհամը պահանջում է ոչ միայն տարածքային ամբողջականության ճանաչումը, այլև իր ինքնիշխանության հաստատումը Ղարաբաղի մնացած հատվածի վրա։ Նա շատ կոնկրետ պահանջում է Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժում և սպառնում է էթնիկ զտմամբ։ ԱՄՆ-ը, որին այդքան ապավինում է Հայաստանի այսօրվա ղեկավարությունը, ողջունում է Ալիևի հայտարարությունը, որը խոստանում է ներել ղարաբաղցիներին, եթե նրանք կազմալուծեն իրենց խորհրդարանը։ Հայաստանի քաղաքացիական հասարակություն կոչվող հանրույթը զարմանալիորեն լուռ է։ Ո՞ւր են ամերիկյան նավատորմը հայկական լեռներ բերող վերլուծագանգերը։

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե նշաձողը իջեցրել ենք, որ բանակցություններին կարողանանք այն բարձրացնել։ Փողոցում կանաչի վաճառողն անգամ գիտի, որ սակարկությունը բարձր կետից են սկսում և ոչ հակառակը։

Հայաստանի այսօրվա ղեկավարությունն իր հետևողական ձախողումների (որոնք միանգամայն խուսափելի էին) պատճառով երկիրը հասցրել է անդառնալի մի կետի՝ մարդկանց համոզելով, որ փրկությունը Արցախը տալն է (Չարի վերջը կարդացե՛ք): 
Այս ազգակործան գործին լծվել է իշխանական ամբողջ վերնախավը՝ Ալմա Աթայի հռչակագիրը դարձրած մի նոր Աստվածաշունչ։ Մեկը Արցախը համեմատում է Գլենդելի հետ, մյուսը խոսում հայերի առավելապաշտության մասին։ Իսկ հանրապետության նախագահ կոչվող անձը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը կանխատեսելի էր դեռ 1990-91-ին։ Մտքի ինչպիսի՜ թռիչք։

Երեսուն տարուց ավելի Լեռնային Ղարաբաղը եղել է հակամարտության առանցքը, եղել է միջազգային հանրության ու Ադրբեջանի կողմից անվերապահ ճանաչվող քաղաքական միավոր՝ անկախ կարգավիճակից։ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման հինգ տարում փոշիացրել է այդ ամենը։ Ու դրա համար պետք չէ ո՛չ ներսում, ո՛չ դրսում քավության նոխազներ փնտրել։

Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի ոսկե ձկնիկն է։ Իլհամը դեռ շատ բաներ է ուզելու նրանից։ Բայց վերջում կարող է որոշել գարեջրով ոսկե ձկնիկ ճաշակել։

CivilNet-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյան