«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Լևոն Զարգարյան. Ո՞վ է Հայաստանում մեկնաբանում Աստծուն

Լևոն Զարգարյան. Ո՞վ է Հայաստանում մեկնաբանում Աստծուն

Ո՞վ է Հայաստանում մեկնաբանում Աստծուն

Հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ Քեյնին և ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի նախագահ Ասիֆ Մահմուդին։

Հոկտեմբերի 2-ին նրա խմբակցությունը խորհրդարանում ստեղծեց քննիչ հանձնաժողով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ իրավիճակն ուսումնասիրելու համար։

Հոկտեմբերի 3-ին վարչապետը աղոթքի երկրորդ նախաճաշի ժամանակ կարդաց 5-րդ սաղմոսը։

Այս նույն օրերին Ամենայն հայոց կաթողիկոսին արգելված է լքել երկիրը․ նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ։

Այս երեք օրերի իրադարձությունների մեջ հիմնական հարցն այն չէ՝ իշխանությունը պայքարո՞ւմ է Եկեղեցու կամ կրոնի դեմ, թե՞ ոչ։ Հարցն ավելի խորն է․ ո՞վ է այսօր Հայաստանում մեկնաբանում հավատը, և ո՞վ է հավակնում ունենալ այդ իրավունքը։

Գերմանացի փիլիսոփա և սոցիոլոգ Մաքս Վեբերը «կեսարապապիզմ» էր անվանում հոգևոր իշխանության ամբողջական ենթարկումը աշխարհիկ իշխանությանը։ Եկեղեցին այդ դեպքում չի վերանում։ Այն պարզապես դառնում է երկրի ղեկավարի ենթական։ Սա ոչ թե աթեիզմ է, այլ հոգևոր իշխանության յուրացում։

Եվ հենց այս համատեքստում արժե կարդալ սեպտեմբերի 24-ին հրապարակված «ՀԱՍԵ ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը»՝ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հեղինակած 74 էջանոց մի «աշխատություն»։

Այո՛, նույն գրասենյակը, որը գրում է կառավարության մամուլի հաղորդագրությունները, մասնակցում ֆեյսբուքյան քաղաքական օրակարգի առաջխաղացմանը, ընդդիմադիր ձայների «լռեցմանը», (որի պատճառով ավելի հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»), այժմ իրեն վերապահել է նաև եկեղեցական կանոնը մեկնաբանելու գործառույթը։

Ինչպես նշվում է փաստաթղթում, զեկույցը «բխում է Կառավարության 2026-2031թթ. ծրագրից» և որպես երկրորդ քայլ ենթադրում է՝ «ՀԱՍԵ փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը)»։

Բայց այստեղ ժամանակագրությունը կարևոր է։

2025թ․ մայիսի 29-ին՝ մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգի վերաբերյալ սոցցանցային մեկնաբանությունները կառավարության նիստի ժամանակ վերլուծելիս, Փաշինյանը հայտարարեց․ «մեր եկեղեցիները չուլանացված են բառիս բուն իմաստով»։ 

Մայիսի 30-ին Facebook-ում գրեց․ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում»։

Հունիսի 10-ին հայտարարեց Համակարգող խմբի ստեղծման մասին՝ նշելով, որ առաջին տասը անդամներին անձամբ ընտրելու է ինքը, իսկ չափանիշներին համապատասխանությունը «շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով»։

Հետո բացում ենք «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը և տեսնում, որ դրա ճանապարհային քարտեզի առաջին քայլի առաջին կետը կոչվում է՝ «Բարենորոգման Համակարգող խմբի ձեւավորում»։ Այսինքն՝ որոշումն ընդունվել է 2025թ․ մայիս-հունիսին, իսկ այն հիմնավորող փաստաթուղթը հրապարակվել է 15 ամիս անց։ Իրավաբանության մեջ սա կկոչվեր դատավճիռ, որը կայացվել է նախքան դատավարությունը։

Հիմա՝ բուն փաստաթղթին։

Զեկույցի 9-րդ բաժինը կոչվում է. «ՀԱՍԵ փաստացի պետը եւ նրա ընտանիքի անդամները ՀԱՍԵ-ն օգտագործում են ՀՀ-ում արտաքին ազդեցությունների տարածման համար»։

Եթե սա արտաքին ազդեցությունների մասին զեկույց է, ապա արժե պարզապես բացել այն ու փնտրել մի քանի բանալի բառեր, որոնք տեղավորվում են հանրահռչակ «հիբրիդային պատերազմի» համատեքստում։

«Ռուսաստան»՝ 34 հիշատակում, «ՌԴ»՝ 6, «ռուսական»՝ 5, «Մոսկվա»՝ 15։ 

«Ադրբեջան»՝ 1՝ Կիրանցում նստացույցի՝ «Սրբազան պայքարի» փոխակերպման նկարագրության մեջ։ «Բաքու»՝ 0։ «Թուրքիա»՝ 0։

«Ցեղասպանություն» կամ «Ցեղասպանության»՝ 1 անգամ՝ 100-ամյակի և 1,5 միլիոն նահատակների սրբադասման մասին տեղեկանքում։

Այսինքն՝ Ռուսաստանի և Մոսկվայի մասին՝ 60 հիշատակում, Ադրբեջանի մասին՝ 1, Թուրքիայի մասին՝ 0։

60։ 1։ 0։

Սահմանադրության 17-րդ հոդվածը՝ «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից», փաստաթղթում մեջբերված է մեկ անգամ։ 18-րդ հոդվածը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը «ճանաչում է ՀԱՍԵ բացառիկ առաքելությունը՝ որպես ազգային եկեղեցու», մեջբերված է զրո անգամ։ Ավելին՝ փաստաթղթում չկան նույնիսկ «բացառիկ առաքելություն» և «ազգային եկեղեցի» ձևակերպումները։ Փոխարենը YouTube-ին, Facebook-ին և Telegram-ին հղումները բազում անգամներ ավելի շատ են, քան երկրի օրենսդրական բազային։

Բայց փաստաթղթում բացակայում է նաև մեկ այլ, շատ կոնկրետ հասցեատեր։
2025թ․ մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ Հայ Եկեղեցին «մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին»։ Հունիսի 11-ին նա Եկեղեցիների համաշխարհային խորհրդին գրեց, որ այն իր ժողովրդին տանում է դեպի աղետ։
Ուշադրություն դարձրեք ամսաթվերին։

  • Մայիսի 22՝ Փաշազադեի առաջին հայտարարությունը։
  • Մայիսի 29՝ «չուլանացում»։
  • Մայիսի 30՝ «վճռորոշ ձայն»։
  • Հունիսի 10՝ «Համակարգող խումբ»։
  • Հունիսի 11՝ Փաշազադեի երկրորդ հայտարարությունը։

Սակայն 74 էջանոց փաստաթղթում այս ուղղությունը գրեթե գոյություն չունի։
Փոխարենը մեղադրանքը շատ հստակ հասցեագրված է մեկ մարդու։

2025թ․ դեկտեմբերի 3-ին Փաշինյանը խորհրդարանում ասաց․ «Ինձ պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ, ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի»։ Նույն դեկտեմբերին հայտնվեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ Կաթողիկոսի եղբորը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, հավաքագրել է ԽՍՀՄ ԿԳԲ-ն «Կարո» կեղծանունով։ 2026թ․ մարտի 20-ին ԱԱԾ տնօրենը հրապարակայնորեն հաստատեց դա։ Սակայն հրապարակված փաստաթղթում չկար ո՛չ Եզրաս արքեպիսկոպոսի ստորագրությունը, ոչ էլ որևէ այլ տվյալ, որը կհաստատեր հավաքագրման փաստը։ Ավելին՝ Եզրաս արքեպիսկոպոսին պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել։ Իսկ այն գործը, որով ներկայումս քննվում են Կաթողիկոսը և 6 եպիսկոպոսները, ոչ թե դավաճանության, այլ «դատական ակտը չկատարելու» համար է։ Առավելագույն պատիժը՝ երկու տարի ազատազրկում։

Վերադառնանք զեկույցին։

Դրա առաջին և երկրորդ գլուխները կուսակրոնության ուխտի խախտման և երեխայի առկայության մասին են՝ «Առկա են բազում վկայություններ» ձևակերպմամբ։ Այդ «բազում վկայություններից», սակայն, փաստաթղթում ոչ մեկը չի ներկայացվում։

Բայց այստեղ էլ առավել հետաքրքիր է մեկ այլ հանգամանք։

1996թ․ մինչև օրս Կոտայքի թեմի առաջնորդն է Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, աշխարհիկ անունը՝ Էլբեկ։ Իսկ Արգիշտի Էլբեկի Քյարամյանն (ըստ որոշ աղբյուրների՝ նրա որդին) այս իշխանության օրոք զբաղեցրել է պետական բարձրագույն պաշտոններ՝ 2019-2020թթ․՝ ՊՎԾ պետի պաշտոնակատար, 2020թ․ մայիսին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, հունիս-նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմի օրերին՝ ԱԱԾ տնօրեն, իսկ 2021-2024թթ․ ղեկավարել է Քննչական կոմիտեն։

Ո՞վ է ավելի խոցելի օտարերկրյա հատուկ ծառայությունների համար՝ Մոսկվայում գտնվող արքեպիսկոպո՞սը, թե՞ մարդը, որը տարիներ շարունակ ղեկավարել է Հայաստանի ուժային կառույցները։ Ո՞վ է ունեցել ավելի մեծ իրական իշխանություն։ Ո՞վ է ունեցել պետական գաղտնիքի հասանելիություն։ 

Հարցերը, բնականաբար, հռետորական են։

Եվ հենց այստեղ է, որ օգտակար է համեմատել Հայաստանը հարևան Վրաստանի հետ։ Ոչ թե այն պատճառով, որ այնտեղ Եկեղեցին ապաքաղաքական է կամ պետական համակարգը՝ իդեալական։ Ընդհակառակը։ Համեմատությունը հետաքրքիր է հենց այն պատճառով, որ խնդիրներ այնտեղ նույնպես կան։ Տարբերությունն այն է, թե պետությունն ինչպես է վարվում այդ խնդիրների հետ։

Վրաստանի կառավարության 2014թ․ №117 որոշման համաձայն՝ պետությունն ամեն տարի չորս կրոնական համայնքների փոխհատուցում է վճարում խորհրդային ժամանակաշրջանի վնասի համար։ Դրա շրջանակում ՀԱՍԵ Վիրահայոց թեմը 2014–2023թթ․ Վրաստանի կառավարությունից ստացել է 7,7 մլն լարի՝ մոտ 3 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ 2022 և 2023 թվականներին՝ տարեկան առնվազն 1 մլն լարի։ Վրաց ուղղափառ եկեղեցուն պետությունն այս տարիների ընթացքում հատկացրել է ավելի քան 400 մլն լարի՝ մոտ 153 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում, 2024թ․՝ 67 միլիոն, իսկ 2026թ․ միայն Պատրիարքարանի դպրոցներին՝ 43 միլիոն լարի։

Բայց ֆինանսավորումը պատմության միայն մի մասն է։

2021թ․ սեպտեմբերի 13-ին համացանց «արտահոսեցին» Վրաստանի Պետական անվտանգության ծառայությանը վերագրվող նյութեր, որոնք, ի թիվս այլոց, ներառում էին Սինոդի, Պատրիարքի, եպիսկոպոսների և միանձնուհիների գաղտնալսումներ՝ այդ թվում, որոշներին մեղադրելով կուսակրոնության ուխտի խախտման մեջ։

Ի՞նչ արեց վրացական պետությունը։ Վրաստանի դատախազությունն անձնական կյանքի գաղտնիության և հաղորդակցության ազատության խախտման փաստով հարուցեց քրեական գործ։

Հայաստանում 2025թ․ հոկտեմբերի 30-ին Քննչական կոմիտեն հրաժարվեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գաղտնալսման վերաբերյալ գործ հարուցել (և միայն 2026-ի հունվարին դատարանը պարտավորեցրեց ՔԿ-ին քրեական վարույթ նախաձեռնել)։

Հաջորդ համեմատությունը նույնիսկ ավելի խոսուն է։

2026թ․ մարտի 17-ին մահացավ Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը։ Նոր Պատրիարքին ընտրեցին մայիսի 11-ին․ Սինոդը առաջադրեց երեք թեկնածու, ընդլայնված Եկեղեցական ժողովը կատարեց իր ընտրությունը։ Պետությանը հրապարակայնորեն կոչ արվեց չմիջամտել։ Եվ պետությունը չմիջամտեց։

Երկու Եկեղեցիներն էլ քաղաքականապես ակտիվ էին։ Հետևաբար տարբերությունը միայն Եկեղեցու վարքագծի մեջ փնտրելը պարզունակ կլինի։ Տարբերությունը նրանում է, թե պետությունն ինչ է տեսնում Եկեղեցու մեջ՝ պետականության հենարա՞ն, թե՞ սպառնալիք։

Եվ այստեղ վերադառնանք այն կետին, որտեղից սկսել էինք՝ աղոթքի նախաճաշին։

2025թ․ նոյեմբերին և 2026թ․ հոկտեմբերին Երևանում անցկացվեցին աղոթքի երկու նախաճաշեր՝ առանց Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների, բայց ԱՄՆ-ից ժամանած տասնյակ ավետարանական հյուրերի մասնակցությամբ։ Այդ միջոցառումների ժամանակ Փաշինյանը սաղմոսներ է կարդում և հայտարարում, որ «միջազգային ճանաչված սահմաններով Հայաստանի Հանրապետությունը Ավետյաց երկիր է»։

Զուգահեռաբար Հայաստանում աճում են կրոնական կազմակերպությունների եկամուտները։ «Կյանքի խոսք»-ի հարկային վճարումները 2018-2025թթ․ ընթացքում 27,6 միլիոն դրամից աճել են մինչև 69,6 միլիոն, իսկ «Եհովայի վկաներինը»՝ 3 միլիոնից մինչև 117 միլիոն 2024-ին։

Ուրեմն վերջին հռետորական հարցը սա է․ եթե հին ինստիտուտն ունի «բարենորոգման» կարիք, ո՞վ է զբաղեցնում ազատված տեղը։

Պատմությունը նման օրինակներ ունի։ 1534թ․ Հենրի VIII-ը և 1700թ․ Պետրոս I-ը զբաղեցրին այդ տեղը։ Բայց գոնե դա արեցին բացահայտ և իրենց անուններով։ 

Հենրի VIII-ն իրեն հռչակեց Եկեղեցու գլուխ։ Սկզբում նա նույնիսկ դավանաբանությանը չանդրադարձավ։ Բայց երբ Եկեղեցին անցավ Թագի կառավարման ներքո, շատ արագ սկսեց դավանել այն, ինչ դավանում էր գահը։ Արդյունքում 25 տարվա ընթացքում Անգլիայում դավանանքը փոխվեց երեք անգամ, և յուրաքանչյուր շրջադարձ ուղեկցվեց զոհերով։

Պետրոս I-ը պարզապես թույլ չտվեց նոր պատրիարք ընտրել և նշանակեց ժամանակավոր տեղապահի։ «Ժամանակավորը» տևեց 21 տարի և ավարտվեց պատրիարքության վերացմամբ ու Սինոդի վրա աշխարհական գլխավոր դատախազ-վերահսկիչի նշանակմամբ։

Հայաստանում այս ամենը կատարվում է Սահմանադրության 18-րդ հոդվածի ձևական առկայության պայմաններում, որը գնալով ավելի շատ է հիշեցնում պարզապես թղթի վրա մնացած դրույթի:

Եվ դրանում կա իր տրամաբանությունը։ Իշխանությունը, որը չի կարող լիարժեք լեգիտիմություն ստանալ ժողովրդից, փորձում է այն ստանալ Աստծուց։ Բայց Աստված «անհարմար» է նրանով, որ նրան մեկնաբանում է մեկ ուրիշը։

Ուստի նախ պետք է փոխել «մեկնաբանողին»․․․

Հ․Գ․ 2026թ․ մարտի 18-22-ը Իլիա II-ի աճյունը դրված էր Սամեբայի տաճարում, որը շուրջօրյա բաց էր։ Վրաստանի տարբեր շրջաններից և Թբիլիսիից մարդկանց հոսքը 5 օր ոչ մի րոպե չդադարեց։ Մարդիկ ամբողջ գիշեր անձրևի տակ կանգնած սպասում էին՝ հրաժեշտ տալու իրենց պատրիարքին (լուսանկարում)։ Մարտի 20-22-ը Վրաստանում հայտարարվեցին սգո օրեր։ Հուղարկավորությանը ներկա էին Կոստանդնուպոլսի Հունաց Ուղղափառ Եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, ուղղափառ Եկեղեցիների պատվիրակություններ և Ադրբեջանի ներկայացուցիչներ՝ խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, Ալլահշուքյուր Փաշազադեն, փոխվարչապետ Սամիր Շարիֆովը և այլք։

Իսկ մարտի 21-ին Հայաստանի Քննչական կոմիտեի քննիչը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ երկրից բացակայելու արգելքը վերացնելու մասին պաշտպանի ներկայացրած միջնորդությունը։

Լևոն Զարգարյան