«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Նիկոլ Փաշինյանից ակնկալվում է երկու հարցի պատասխան. «Առավոտ»

Լևոն Զուրաբյան. Նիկոլ Փաշինյանից ակնկալվում է երկու հարցի պատասխան. «Առավոտ»

«Առավոտի» զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը

 – Ղարաբաղի հարցի շուրջ ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում, Ձեր կարծիքով:

 – Առայժմ չեմ տեսնում որեւէ հիմք` բեկումնային զարգացումների մասին խոսելու համար: Այս պահին ընդամենը մեկ հարցի պատասխանը պետք է տրվի, ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը, որպես նոր բանակցող, մտնում այդ բանակցային գործընթացի մեջ: Այսինքն, ինչպե՞ս է լուծում բանակցային ձեւաչափի հետ կապված ճգնաժամը, մեկ: Եվ, երկրորդ, ինչպե՞ս է լուծվում բանակցությունների հիմքում ընկած մեթոդաբանության հարցը:

 – Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Վերջին հայտարարությամբ համանախագահներն ասացին, որ ձեւաչափի փոփոխությունը պիտի կողմերի համաձայնությամբ լինի: Ադրբեջանը դեմ է: Ա՞յս ճգնաժամը նկատի ունեք, խնդիրը ի՞նչ լուծում է պահանջում:

– Այո, սա ձեւաչափի շուրջ ճգնաժամ է: Մինչեւ հիմա խնդիրը թաքնված էր, որովհետեւ Հայաստանը բանակցում էր եւ Հայաստանի, եւ Ղարաբաղի անունից: Այդ անհեռատես քայլին՝ 2001 թվականին գնացել է Ռոբերտ Քոչարյանը` Քի-Ուեսթի պլանը անցկացնելու նպատակով: Այդ պլանը նախատեսում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակում՝ որով Հայաստանը, ստանալով Ղարաբաղը, Ադրբեջանին էր հանձնում «Մեղրիի միջանցքը»: Քանի որ դա նշանակում էր երկու պետությունների միջեւ տարածքների փոխանակում, Քոչարյանը ճնշումով ԼՂՀ իշխանություններից ստացավ Ղարաբաղի անունից բանակցություններ վարելու մանդատը, ինչից հետո մինչ այսօր Մինսկի խմբի համանախագահները կարգավորման պլանները համաձայնեցման համար ուղարկել են ոչ թե երեք կողմերին, ինչպես դա եղել է 1997-98 թվականներին, ներառյալ Քոչարյանի պաշտոնավարման առաջին տարիները, այլ միայն երկու կողմին: Այդ քայլին դիմելով, Քոչարյանը նաեւ ցինիկորեն այլ հարց էր լուծում։ Ադրբեջանի դժկամությունը բանակցելու Ղարաբաղի հետ մշտապես խնդիր էր ստեղծում համանախագահների համար, եւ Քոչարյանը, համաձայնելով բանակցել նաեւ Ղարաբաղի անունից, մեծ ծառայություն մատուցեց նրանց, բայց նաեւ Ադրբեջանին, այդ անհարմարությունը մեջտեղից հանելով։ Իսկ ցինիզմն այն է, որ շատ լավ հասկանալով, որ այդ քայլով նա կործանում է Բուդապեշտյան գագաթաժողովի մեր մեծագույն նվաճումը, միեւնույն է՝ գնաց դրան։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դրանով դառնում էր անփոխարինելի միջազգային հանրության համար եւ ձեռք էր բերում արտաքին լեգիտիմություն, որի կարիքը շատ ուներ ներքին լեգիտիմության պակասի պայմաններում։ Այսինքն, Հայաստանի եւ Ղարաբաղի շահերի հաշվին լուծեց սեփական իշխանության ամրապնդման հարցը։ Հայաստանում ղարաբաղցի նախագահի «անփոխարինելիության» քաղաքականությունը շարունակվեց Սերժ Սարգսյանի իշխանազավթմամբ, եւ նորից շահարկվեց այն, որ Ղարաբաղի խնդրի բանակցություններով եւ լուծմամբ կարող է զբաղվել միայն ղարաբաղցի նախագահը, որը կարող էր շարունակել երկկողմ բանակցությունները։

 – Բայց մինչ այդ էլ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին ֆորմալ բնույթի էր, ինչը հիմա շատ են հիշեցնում: Այն ժամանակ էլ էին հայտարարություններ արվում, որ Ադրբեջանը պետք է բանակցի Ղարաբաղի հետ, այսինքն, միեւնույն է, այդ հարցը լուծված չէր։

 – Այստեղ մի բան են մոռանում նման բան ասողները. Ադրբեջանը երբեք էլ Ղարաբաղին չի ընդունել որպես բանակցային կողմ, ոչ 1991, 1992, 1994 թվականներին: Անգամ ԵԱՀԿ Բուդապեշտի 1994 գագաթաժողովի որոշումից հետո, որի օգտին իրենք քվեարկել էին: Այդ պատճառով մեր պնդմամբ ԵԱՀԿ գործող նախագահող Լասլո Կովաչը 1995-ին հստակ պաշտոնական պարզաբանում արեց` հայտարարելով` ԵԱՀԿ-ն նկատի ունի, որ կոնֆլիկտն ունի երկու պետական կողմ՝ Հայաստան եւ Ադրբեջան, եւ մեկ ոչ պետական կողմ՝ Լեռնային Ղարաբաղ: Անգամ դրանից հետո Ադրբեջանը Ղարաբաղին չի ընդունել՝ որպես բանակցային կողմ եւ բնականաբար, Ադրբեջանը չէր էլ գնում բանակցությունների: Մեկ-երկու դեպք՝ երեքի մասնակցությամբ բանակցություն եղել է, բայց երբեք Ադրբեջանը չի ուզել երեքով բանակցել: Խնդիրն այլ տեղ է։ Երբ մենք ասում ենք, որ Ղարաբաղը բանակցային կողմ էր, նկատի ունենք ոչ թե, որ Ադրբեջանն էր ընդունում, այլ՝ համանախագահները, աշխարհն էր ընդունում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի անհեռատես, կործանարար քայլից հետո, համանախագահները փոխեցին ֆորմատը ու այլեւս կարգավորման պլանը համաձայնեցնում են միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ:

Վերադառնալով ձեւաչափի հետ կապված ճգնաժամի թեմային՝ Նիկոլ Փաշինյանն իրավացիորեն ասում է, որ չի կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, որովհետեւ Ղարաբաղի բնակչությանը չի ներկայացնում: Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինչ-որ հիմքեր ունեին ներկայացնելու Ղարաբաղի բնակչությանը, ապա Նիկոլ Փաշինյանը՝ չունի: Դրա համար էլ նա դնում է բանակցային ձեւաչափի վերականգնման խնդիրը, ինչի հռչակումը զուտ որպես սկզբունք կարեւոր է։ Բայց այդպես նա փորձում է նստել մի գնացք, որն արդեն վաղուց գնացել է եւ գնացել է հենց Ռոբերտ Քոչարյանի մեղքով։ Ի սկզբանե պարզ էր, որ համանախագահները կմերժեն այդ առաջարկը, քանի որ, որքան էլ ցավալի է, փոփոխությունը կատարվել էր երեք բանակցող կողմերի համաձայնությամբ։ Մի քիչ ավելի իրատեսական կլինի հասնել Արցախի մասնակցությանը խաղաղ կարգավորման սկզբունքները համաձայնեցնելուց հետո, մեծ պայմանագրի մշակման ընթացքում:

 Իսկ հիմա բանակցային ձեւաչափի շուրջ ճգնաժամի համար պետք է լուծումներ գտնել: Դրա մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ պատրաստ է գնալ երկխոսելու, լուծումներ գտնելու: Խոսեց Ղարաբաղի նախագահի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը` ասելով, որ չեն կարող Մայր Հայաստանին չվստահել, ակնարկելով, որ լիազորում են Հայաստանի այսօրվա իշխանություններին: Սա բանակցությունների համար հնարավորություն է բացում: Բայց, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման ուղու վրա մեր գլխավոր նվաճումը, անկյունաքարը` 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի որոշումը, խարխլել է Ռոբերտ Քոչարյանը: Եվ, արդյունքում, մենք դե ֆակտո կորցրել ենք այդ նվաճումը եւ սա այս պահին լուրջ խնդիր է ու ծանր ժառանգություն, որ նոր իշխանությունները ստացել են: Իրենց շատ դժվար է լինելու, եթե ոչ՝ անհնար` վերականգնել այն դիրքերը, որ ունեցել ենք մինչ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը:

 – Ասացիք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի նաեւ բանակցությունների մեթոդաբանությանը վերաբերող հարցին: Ի՞նչ նկատի ունեք: 

– Երբ Նիկոլ Փաշինյանը հարց է դնում, թե ինչպե՞ս պետք է մեկնաբանվեն 3 սկզբունքները եւ 6 տարրերը, հարցադրման մեջ արդեն խնդիր կա: Այդ հարցադրումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը դեռ խորությամբ չի տիրապետում այն իրողությանը, որ հիմա բանակցություններում գործում է այլ մեթոդաբանություն, քան գործում էր մինչեւ 2004 թվականը: Այսօր բանակցություններում կիրառվող մեթոդաբանությունում այդ հարցը մի կողմ է դրվել դիտավորյալ եւ փոխադարձ համաձայնությամբ: Որոշումը եղել է 2004 թվականին, երբ սկսվեց, այսպես կոչված, «Պրահյան գործընթացը»: Այդ գործընթացի անկյունաքարային մոտեցումը հետեւյալն է. եթե մենք սկսենք բանակցային գործընթացում ամեն ինչ մանրամասնել՝ հանրաքվեն ինչպե՞ս է անցկացվելու, նրա հարցը ինչպե՞ս է ձեւակերպվելու, դրան ի՞նչ է հետեւելու, ո՞վ պիտի քվեարկի, ադրբեջանցիները պիտի՞ վերադառնան բուն Ղարաբաղ, կամ չպիտի վերադառնան, ո՞ւմ զինված ուժերը ե՞րբ եւ ո՞ւր են տեղաշարժվելու, ո՞ր ճանապարհը ե՞րբ է բացվելու եւ ալն, խնդիրը լուծելը դժվար կլինի: Ամենը մանրամասնելը մեծ պայմանագրի մեթոդաբանությունն էր: Հիմա, հրաժարվել են մեծ պայմանագրի մեթոդաբանությունից, ուզում են փորձել սկզբունքները կարճ գրել եւ համաձայնեցնել, հետո անցնել մեծ պայմանագրի համաձայնեցմանը: Այսօրվա բանակցություններում Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի բացատրելու, թե ի՞նչ է թաքնված այդ սկզբունքների տակ եւ թե ինչը ինչպես պետք է մեկնաբանվի: Դա հատուկ է արված: Եթե ձեւակերպումների հետ կապված խնդիր կա, պետք է աշխատել այդ ձեւակերպումների փոփոխության վրա, ոչ թե պահանջել ձեւակերպումների մեկնաբանություն: Եթե ինչ-որ բան պետք է բացել, դրան պետք է հասնել դիվանագիտական աշխատանքով՝ բանակցություններով, որ դա արտացոլվի կոնկրետ տեքստի մեջ: Այստեղ, կարծում եմ, Հայաստանի իշխանությունը անելիք ունի` ավելի հստակ եւ պակաս խոցելի դիրքորոշմամբ հանդես գալու: Պետք է ոչ թե բացատրություններ պահանջել, այլ գնալ առաջարկներով, թե կոնկրետ ի՞նչ է պետք փոխել այդ տեքստերում: Կամ էլ՝ պետք է ընդհանրապես հրաժարվել այդ մեթոդաբանությունից, բայց դա արդեն կլինի ռիսկային մոտեցում, քանի որ դա ինչ-որ իմաստով նշանակում է՝ «եկեք բանակցությունները սկսենք զրոյից»: Ուրեմն, ճիշտ կլինի Հայաստանի դիվանագիտությունը կոնկրետ առաջարկներով, ձեւակերպումներով, որտեղ ինչ-որ խնդիր է տեսնում, փորձի փոխել այդ ձեակերպումները: 

– ՀԱԿ-ն ունի՞ առաջարկներ, որոնք կցանկանայիք, որ իշխանությունն օգտագործեր:

 Մենք, իհարկե, ունենք մեր մոտեցումները, բայց երբեք մեզ թույլ չենք տա խաղաղ կարգավորման պլանի բովանդակության վերաբերյալ որեւէ իշխանության խորհուրդներ տալ կամ բացատրել, թե ի՞նչն է ընդունելի կամ անընդունելի: Բացատրեմ, թե ինչու. Իրականում ի՞նչ կարելի է անել, ինչքա՞ն անզիջում կարելի է լինել, բանակցություններում ի՞նչ մաքսիմումի կարելի է հասնել, կախված է մի քանի գործոնից, որոնց ամբողջ ծավալով ճշգրտորեն տիրապետում է միայն երկրի օրվա իշխանությունը: Օրինակ, ինչպիսի՞ն է ռազմական բալանսը, մենք ի՞նչ սպառազինություններ ունենք Ադրբեջանի հետ համեմատ, ի՞նչ հնարավորություններ ունենք այսօր եւ ապագայում սպառազինությունների բալանսը պահելու, Ադրբեջանի հնարավոր արգեսիան դիմագրավելու, պատերազմի լոգիստիկան ապահովելու: Կամ` ի՞նչ կոնկրետ ճնշումներ կան, ո՞ր երկրների կողմից, արդյոք դրանք նյութականացված են արդեն, ռազմակա՞ն են, տնտեսակա՞ն, քաղաքական, ի՞նչ հետեւանքներ կարող են լինել, որքանո՞վ է դա կոնկրետ եւ հիմնավոր: Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ: Երկիրն ունի՞ այդ պոտենցիալը` թռիչքաձեւ զարգացում ապահովելու համար հիմա, երբ թավշյա հեղափոխությունը կործանել է կոռուպցիոն բուրգը: Իրենք պիտի զգան` հսկայական ներդրումների մթնոլորտ ձեւավորվե՞լ է, այլեւս կարելի՞ է համարել, որ առանց կարգավորման Հայաստանը կարող է գոնե այնքան զարգանալ, որ լուծվի ժողովրդագրական ճգնաժամը, արտագաղթը դադարի, մենք ունենանք բավարար չափով զինվորներ՝ ռազմաճակատը պահելու համար եւ մեր տնտեսությունը ի վիճակի լինի մշտապես ապահովել Ադրբեջանին զսպելու համար անհրաժեշտ ռազմական ներուժը: Եվ նման այլ հարցեր: Այս ամենի լրիվ ճշգրիտ հաշվարկը կարող է ունենալ միայն գործող իշխանությունը: Դիվանագիտությունը նուրբ ոլորտ է: Դիվանագիտության մեջ դիրքորոշումները, ցավոք սրտի, այո, կախված են ներկա պահին քո ունեցած հնարավորությունների ճշգրիտ գույքագրումից եւ դրանից բխող ապագա իրավիճակի կանխատեսումներից: Այդ գույքագրմանը մենք տիրապետում ենք շատ ընդհանուր գծերով: Իսկ նման դեպքում խորհուրդ տալ չի կարելի: Եվ երկրորդ. եթե անգամ ամենաճիշտ խորհուրդը տանք, մեզ միշտ կարող են իրավացիորեն քննադատել, թե դրանով թուլացնում ենք իշխանության դիրքերը եւ իջեցնում պահանջների նշաձողը հակառակորդի հետ բանակցություններում, զրկելով իշխանությանը բանակցությունները պահանջների ավելի բարձր նշաձողից սկսելու հնարավորությունից: Մեր սկզբունքը միշտ սա է եղել. Երկրի համար ամենաճակատագրական պահերին ամեն ինչ արել ենք, որ իշխանությունը իրեն պինդ զգա բանակցություններում, նման մոտեցում ունենալով նաեւ Քոչարյանի եւ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին:

 – Նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է եւ եկել է ավարտին հասցնելու «Ղարաբաղը հանձնելու» պլանը: Սրան ո՞նց եք նայում:

 – Նման քարոզչական կոնցեպցիա մշակել են հենց Ղարաբաղ հանձնողները: Պարզ ասեմ, թե ինչ է կատարվում. այն քաղաքական ուժերը, ես դրանց մեջ կմտցնեմ եւ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերին, եւ Սերժ Սարգսյանի թիմը, եւ ՀՅԴ-ն, բոլորը կոալիցիա են կազմել… 

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում