Լևոն Զուրաբյան. Փաշինյանը կանգնեց նույն փոցխի վրա
Փաշինյանի երկրորդ հովհաննավանքյան ձախողումը նրան միևնույն է չի կանգնեցնելու: Ավելին, հասկանալով, որ իր հետևում ժողովուրդ չկա, նա սաստկացնելու է ուժային և վարչական ճմշումները:
Այսօր նա լարեց իր ամբողջ մարդահավաքման ռեսուրսը, բայց ստացավ ավելի խղճուկ արդյունք քան անցյալ շաբաթ էր, հրապարակ բերելով բավականին մարգինալ և նույնքան ագրեսիվ զանգված (եթե մի քանի հարյուր մարդու մասին կարելի է կիրառել այդ բառը):
Նա կգերադասեր Մայր Աթոռի գրավումը կատարել «ժողովրդական շարժումով», զանգվածների օգնությամբ կարգել «ժողովրդական կաթողիկոս» և տապալել վեհափառին «ժողովրդի պորթկումով», բայց արդեն ինքն էլ հասկացավ` իր քարոզչական արշավանքը տապալվել է: Ժողովուրդ չի կարող սատարել մի գործընթացի, որի նպատակը ամենևին հոգևոր առողջացումը չէ, այլ կեղծ, փարիսեցիական պայքար է հայկական ինքնության դեմ մարտնչող Փաշինյանի անձնիշխանության համար, որը տեղի է ունենում սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումներով և սպառնում է մեր քաղաքացիական ազատություններին:
Հիմա արդեն ուրիշ ելք չունի քան գործել բռի ոստիկանական մեթոդներով: Պետք է պատրաստվել դրան:


