Լևոն Զուրաբյան. Քաջ Նազարին դրել են «վիլկայի» առաջ՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ (տեսանյութ)
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
«...Նիկոլ Փաշինյանի կողմից Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելուց հետո Ժուռնալիստների միության հայտարարությունն ու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դրան արձագանքը ու դրան հետևած իրադարձությունները հավասարակշռությունից հանեցին մեր առաջին դիկտատորին՝ Նիկոլ Փաշինյանին...»:
«...Ես ուղղակի ապշած էի: Այն բնութագրումից հետո, որ ես իրեն տվեցի, իր արձագանքը նրան հունից հանեց այն պատճառով, կարծում եմ, որ այդ գրառումս վիրուսային դարձավ: Ժամանակն էր, որ հիշեցնեինք՝ ով է Նիկոլ Փաշինյանը: Ես Թումանյանի հանճարին պետք է դիֆերամբ գրեմ, որովհետև միայն հանճարը կարող էր կանխատեսել, թե ոնց է 120 տարի հետո Քաջ Նազարի նման մարդը դառնում թագավոր: Մարդը տեսել է, որ հայ ժողովրդի միջից Քաջ Նազար է ծնվելու: 2018-ին տարբեր ուժեր օգտագործեցին նրան՝ թուլացնելու համար 3-րդ նախագահին՝ հույսով, որ իրենք կգան իշխանության, և այդպես նա դարձավ երկրի ղեկավար: Նրա քաջնազարությունն արտահայտվեց բազմաթիվ դրվագներում… Թաքցրեց 2019թ. փաստաթուղթը, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը հասցրեց մի ֆորմատի, որ Ադրբեջանը հարձակվեց, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նախ ասաց՝ չշշկռվեք, ես եմ գերագույն գլխավոր հրամանատարը, հետո պարզվեց՝ ընդամենը մոդերատոր է: Հիմա ինքն ընկել է իր բուն վիճակի մեջ: Հիմա ամբողջ աշխարհը, Ալիևը և մեր ժողովուրդը գիտեն, որ գործ ունեն Քաջ Նազարի հետ: Ալիևը գիտի, որ ինքը վախից է դողում, ոչ թե քաջությունից...»:
«...Փաշինյանն Արևմուտքին պետք է որպես գործիք՝ Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար, հետևաբար՝ այդ գործիքին կարելի է ներել ամեն ինչ: Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ սահմաններ կան: Երբ դու լրագրողների հետ շփումներում բոլոր չափերն անցնում ես, դրան ռեակցիա չտալը կպչում է հենց Արևմուտքի ժողովրդավարական համայնքի ռեպուտացիային: Բացի դրանից, աշխարհաքաղաքական գործոնն այստեղ էլ է քննարկվում...»:
«...Ստեղծվել է Ալիև-Փաշինյան սիմբիոզ. Ալիևը պահում է Նիկոլին իշխանության, նա էլ նրա արածներն անում է, որ «պատերազմ չլինի», ու կապ չունի, որ էդ պատերազմը չի լինում: Հիշում եք՝ հունիսին ԱԺ ընտրությունների ժամանակ հայտարարում էր, թե եթե ինքը չընտրվի, ՔՊ-ն չունենա սահմանադրական մեծամասնություն ԱԺ-ում, ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ կլինի… Մինչև հիմա ասում էին՝ խաղաղությունն արդեն հաստատվել է, հիմա պարզվում է, որ չէ, պետք է Սահմանադրությունը փոխվի, որ խաղաղություն հաստատվի: Այսինքն՝ զիջումներն անվերջ են: Արցախի կորստով հակամարտությունը չի ավարտվել. Փաշինյանը միշտ ներկայացնելու է, որ կոնֆլիկտը չի ավարտվել, ավարտելու համար պետք է սա զիջել, հետո նա զիջել, և այդպես շարունակ: Շատ լավ կոմբինացիա են մտածել: Հակաազգային լուրջ ծրագրի իրականացման համար պետք է Հայաստանում հաստատել բռնապետություն, ու այդտեղ գալիս է Սահմանադրության փոփոխությունը: Ինքը հիմա ուզում է գերսուպերվարչապետական համակարգ»:
«...Ներկայացված Սահմանադրության նախագծի տեքստով Դատական իշխանությունը ոչնչանում է: Պատահական չէ, որ այսօր արդեն Դատավորների միությունն է ապստամբել: Սա աննախադեպ բան է: Սրան թվում էր, թե քանի որ ինքը կատարում է Ալիևի պահանջները, ուրեմն իրեն թույլ կտան դիկտատուրա ստեղծել: Նոր տեքստով ինքը կարող է նաև մարդուն քաղաքացիությունից զրկել: Պարզվում է՝ Փաշինյանի համար քաղաքացին լավ էլ աղբանոց գցելու մատերիալ է…»:
«Մեր Քըլըչը՝ Ռուբինյանը, այսօր մի տեսանյութ է տեղադրել, որում ստելով ասում է՝ 1994թ. Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է դեմ եղել Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագիրը ներառել: Սա կատարյալ սուտ է: Լևոն Տեր-Պետրոսյանի և այն ժամանակվա իշխանության ողջ ջանքերն ուղղված են եղել այն բանին, որ Անկախության հռչակագրի շուրջ ձևավորվի համազգային կոնսենսուս: Ինչը և տեղի ունեցավ:
Ամբողջական՝ 168.am-ի տեսանյութում:


