Լավրովն ու Մնացականյանը կհանդիպեն Մոսկվայում
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն հոկտեմբերի 12-ին Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մնացականյանի նախատեսված այցի շրջանակում հոկտեմբերի 12-ին կկայանա ԱԳ նախարարների հանդիպումը», – մանրամասնել է Զախարովան։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ իր հերթին ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Նա ևս հաստատել է, որ այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին:
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել էր, որ հոկտեմբերի 8-ին ղարաբաղյան հարցով բանակցություններ կլինեն Ժնևում, իսկ հոկտեմբերի 12-ին` Մոսկվայում։ Բանակցություններին մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները։
Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ տեղեկացրել էր, որ մամուլում տարածվող լուրերը, թե վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը։