«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Լիպարիտյան. ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների երկու ժամանակահատվածը

Լիպարիտյան. ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների երկու ժամանակահատվածը

«...Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների տեսանկյունից՝ 1991-2020 թթ. ընկած ժամանակաշրջանը կարելի է բաժանել երկու տարբեր ժամանակահատվածների։ 

Առաջինը 1991-1997 թթ. ժամանակահատվածն է՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները:

Այդ ժամանակ Հայաստանը մտածում էր, որ 1994 թ. հրադադարով պատերազմը չի ավարտվել, որ ուժերի հավասարակշռությունը, հավանական է, փոխվի հօգուտ Ադրբեջանի, որ մեծ հաշվով ժամանակը մեր օգտին չի աշխատում, որ եթե պետք է զիջումներ արվեն, ավելի լավ է արվեն այն ժամանակ, երբ հայկական կողմը առավել ուժեղ դիրքերում է: 

Տեր-Պետրոսյանի կառավարությունը համարում էր, որ.

ա. հակամարտությունը նախեւառաջ իրենն է եւ աջակցում էր միջնորդներին՝ իր նախաձեռնություններով ու գաղափարներով, 

բ. հակամարտությունն առաջին հերթին երկու հարեւանների միջեւ խնդիր է՝ չվերագրելով նրան որեւէ խորհրդանշական համընդհանուր նշանակություն, 

գ. հակամարտությունը պետք է լուծվի բոլոր այլ հարցերից առաջ, այլապես մյուս բոլոր հարցերը՝ ժողովրդավարացում, տնտեսական բարեփոխումներ, պետական ինստիտուտների կայացում, բոլոր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ՝ որպես Հայաստանի երկարաժամկետ անվտանգության երաշխիք, դժվար կլինի, եթե ոչ անհնար, իրականացնել եւ 

դ. անհնար էր համաձայնության գալ Ղարաբաղի կարգավիճակի հարցում, բայց խաղաղության կարելի էր հասնել երկփուլ բանակցություններով, եւ խաղաղություն կապահովվեր առաջին փուլում։ 

Տեր-Պետրոսյանի վարչակազմը եռանդագին եւ հրատապ կերպով այս նպատակին էր ձգտում՝ երբեմն բախվելով Ղարաբաղի ղեկավարների անհամաձայնությանը եւ նույնիսկ բացահայտ հակադրմանը։ Երկու-երեք անգամ այդ ջանքերը Ադրբեջանին մոտեցրել են համաձայնության, որը փոխադարձ զիջումների հիման վրա խաղաղություն կհաստատեր։ Այդ նպատակին հասնելու համար այս կառավարությունը խուսափում էր բազմաթիվ ծուղակներից, որոնք կարող էին խնդիր դառնալ երկրորդ փուլի համար, որը կքննարկվի ստորեւ։ Նման դեպքերում Ադրբեջանը միշտ վերջին պահին հետ է քաշվել՝ ավելի շահավետ տարբերակի հասնելու հույսով։ Վերջին նման հնարավորությունը, երբ համաձայնությունը շատ հավանական էր թվում, 1997 թ․ սեպտեմբերին Մինսկի խմբի առաջարկն էր։ Այդ փաստաթուղթը մեծ հավանականություն ուներ դառնալու Ադրբեջանի եւ Հայաստանի համար բովանդակային բանակցությունների ընդունելի հիմք։

Բայց այս անգամ Տեր-Պետրոսյանի վարչակազմից մի խումբ բուռն կերպով հակադրվեց կարգավորման առաջարկին եւ նախագահին այլ ընտրություն չթողեց, քան հրաժարականն էր: Այդ խումբը դեմ էր փաստաթղթին, որովհետեւ կարծում էր, որ հայկական կողմը չպետք է որեւէ զիջման գնար՝ անկախ նրանից, թե ինչ կստանար դրա դիմաց։

Երկրորդ շրջանը ձգվում է 1998 թ. մինչ օրս...

...Անցյալի սխալների կրկնությունը՝ այն ակնկալությամբ, որ արդյունքը տարբեր կլինի,  հատուկ չէ այն ժողովրդին, որը գիտե իր պատմությունը»:

Պատմաբան, դիվանագետ, 1991-97թթ․ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյան

08.11.2020

Բոստոնի «The Armenian-Mirror Spectator» շաբաթերթ