«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Մարտի 1»-ի գործով նախորդ իշխանությունների իրականացված հետաքննությունը միակողմանի էր

«Մարտի 1»-ի գործով նախորդ իշխանությունների իրականացված հետաքննությունը միակողմանի էր

«Մարտի 1»-ի գործով նախորդ իշխանությունների օրոք իրականացված հետաքննությունը միակողմանի էր, հայտարարում է Human Rights Watch հեղինակավոր կազմակերպությունը այսօր հրապարակած տարեկան զեկույցում` փաստելով, որ այդ հետաքննության արդյունքում դատարանի առջև էին կանգնել միայն ընդդիմադիրները, 52 ցուցարար հայտնվել էր բանտում:

Հայաստանի նոր իշխանությունները վերակենդանացրին այդ հետաքննությունը` մեղադրանքներ ներկայացնելով երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովին՝ սահմանադրական կարգը տապալելու համար, արձանագրում է միջազգային կառույցը` միաժամանակ ընդգծելով. «Նախկինում կատարված անիրավությունները հետաքննելիս իշխանությունները պետք է լիովին հարգեն բոլոր ազատազրկվածների իրավունքները և երաշխավորեն արդարադատության անկախությունը»:

Ամփոփելով անցած տարի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած զարգացումները, հեղինակավոր կազմակերպությունը նշում է` ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ` նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ապրիլին ու մայիսին մի քանի շաբաթ շարունակված բողոքի ցույցերից հետո: «Սահմանված առավելագույն` երկու ժամկետը նախագահելուց հետո, Սարգսյանը փորձում էր մնալ իշխանության ղեկին` իր կուսակցության աջակցությամբ ստանձնելով վարչապետի պաշտոնը», - հիշեցնում է Human Rights Watch-ը, ընդգծելով` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Փաշինյանը ժառանգեց մի երկիր, որն ընկղմված էր կոռուպցիայի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ:

«Հայաստանյան նախորդ ընտրությունները մթագնվել էին ընտրակաշառքի, քաղծառայողների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հանդեպ ճնշումներով, ինչը դարձել էր գարնանը սկսված բողոքի ցույցերի պատճառներից մեկը», - նշում է զեկույցը, շարունակելով` սեպտեմբերին` իշխանափոխությունից հետո արդեն, Փաշինյանի կառավարության առաջարկությամբ խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ ընդունեց, որոնցով ընտրությունների ժամանակ կաշառք առաջարկելու և վերցնելու համար սահմանվում է քրեական պատիժ` մինչև վեց տարվա ազատազրկմամբ: «Դեկտեմբերին անցկացված ընտրությունները, միջազգային դիտորդների գնահատականով, վայելում էին հասարակության լայն վստահությունն ու զերծ էին նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումներից, այդ թվում՝ ընտրակաշառքից ու ընտորղների վրա ճնշումներից», - ընդգծում է Human Rights Watch-ը:

«Ազատ ու արդար քվեարկությունը առաջին, կարևորն քայլն է Հայաստանի նոր իշխանությունների համար, սակայն սա միայն սկիզբն է», - հայտարարել է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գիորգի Գոգիան՝ շեշտելով․ - «Իշխանությունները պետք է իրենց տրված մանդատն օգտագործեն և բարեփոխումներ արձանագրեն՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները լուծելու համար, որոնց դեմ մարդիկ փողոց էին դուրս եկել»:

Հեղինակավոր կազմակերպությունը նշում է նաև` Հայաստանի նախորդ իշխանությունները հայտնի էին խաղաղ ցույցերը անհամաչափ ուժի գործադրմամբ ցրելու փորձառությամբ, և որոշ դեպքերում այդ բռնաճնշումների հետևանքով ցուցարարներն ու լրագրողները լուրջ վնասվածքներ էին ստանում: «Ապրիլին ու մայիսին ևս ցույցերը մեծամասամբ խաղաղ էին, սակայն պարբերաբար արձանագրվում էին բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև», - հիշեցնում է զեկույցը` առանձնացնելով ապրիլի 16-ի իրադարձությունները, երբ ոստիկանությունը, ըստ հաղորդումների, գործի էր դրել լուսաձայնային նռնակներ` մարմնական վնասվածքներ հասցնելով 46 մարդու:

Ամբողջական՝ azatutyun.am-ում