Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի 22-րդ հատորը
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԻԲ հատորը, որը ներկայացնում է Հայոց կաթողիկոս, ԺԲ դարի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ, բանաստեղծ, շարականագիր, աստվածաբան և մեկնիչ սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մատենագրական ժառանգության մաս կազմող արձակ երկերը՝ թղթերը, սուրբգրային մեկնությունները և խմբագրած թարգմանությունները, տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից:
Այսպիսով, Մատենաշարի նախորդ՝ ԻԱ հատորում (2018 թ․) ներկայացված Շնորհալու չափածո երկերի հետ միասին ամբողջանում է բազմաշնորհ հայրապետի ողջ գրական ժառանգությունը։
«2023 թվականին լրանում է Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակը (1173-2023): Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցի մեջ։ Տարվա ընթացքում այս տարելիցին նվիրված Հայաստանում և արտերկրում նախատեսվում են ամենատարբեր ձեռնարկներ՝ գրքերի հրատարակություն, գիտաժողովներ, ցուցադրություններ, համերգներ։ Ուշագրավ է, որ հոբելյանական տարի ենք թևակոխում սուրբ Ներսես Շնորհալու ժառանգության ամբողջական հրատարակությամբ»։
Տիտղոսաթերթն ու բովանդակությունը՝ այստեղ։