Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:
Ըստ Հակաստանի պաշտպանության նախարարության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:
Տոնոյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական բնույթի սպառնալիքները, տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները: