Մեքսիկայի խոշորագույն պարբերականում հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին հոդված
Մեքսիկայի խոշորագույն “Excelsior” պարբերականում լույս է տեսել մեքսիկացի հայտնի գրող, քաղաքական մեկնաբան Ֆեդերիկո Ռեյես Էրոլոսի «Կոչվում է ցեղասպանություն» /Se llama genocidio/ խորագրով հոդվածը։
Հոդվածի վերջնամասում մասնավորապես նշվում է․ «Վայրիվերումներով, սակայն Մեքսիկան հստակորեն դիրքավորվում է որպես խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով։ Այդ առնչությամբ ստորագրել ենք բազմաթիվ միջազգային համաձայնագրեր, ներառյալ` «ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխման և դատապարտման կոնվենցիան»։ Մենք պարտավորված ենք ունենալ հստակ դիրքորոշում այդ հարցի առնչությամբ, նաև մեր աչքի առջև ունենալով թուրքական զայրույթի հեռանկարը։ Սակայն մյուս կողմից, պրագմատիզմի և լռության միջոցով թույլ ենք տալիս, որ սուտը և փաստերի պարտակումը ճանապարհ հարթեն նույնանման դաժանությունների համար։ Ավելին, դրանց տալիս ենք պաշտոնական ճանաչում։ Սկզբունքներն են, որ մեծարում են ազգերին։ Բառերը չպետք է քողարկել և շփոթել։ Սա կոչվում է ցեղասպանություն։ Մեքսիկան չպետք է սխալվի»։