Մեսրոպ Հարությունյան. «Համեստ հորդոր «հեղինակավոր» թեկնածուին»
Ալիք Մեդիա. «Փետրվարին լրանում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը։ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու նույնանուն խորհրդարանական խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու են առաջադրել արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանին։
Անձամբ չեմ ճանաչում տիկին Գրիգորյանին, սակայն նրա կենսագրության ուսումնասիրությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում նրա հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում արտահայտած որոշ մտքեր, ցավոք, մտահոգություն են առաջացնում, որ ընտրվելու դեպքում նա չի կարող լինել անկախ պետական պաշտոնյա։
Անկախ նշանակում է գործող իշխանություններից անկախ։ Նշանակում է գործող իշխանությունների եւ մարդկանց հարաբերություններում ծագած խնդիրների դեպքում կանգնել մարդկանց եւ ոչ թե իշխանությունների թիկունքին։
Ինչո՞ւ են առաջանում այդ մտահոգությունները։
Պարզաբանեմ։
Կարո՞ղ է անաչառ պաշտպան լինել մեկը, որը կառավարության կողմից նշանակվել եւ Ազգային ժողովում համազեկուցող է հանդես եկել իշխանահաճ եւ հակաժողովրդավարական, իմ գնահատմամբ՝ նաեւ հակասահմանադրական այն օրինագծի քննարկման ժամանակ, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում այսպես կոչված «ծանր վիրավորանքի» համար։
Եվ եթե հանկարծ ոտնահարվի որեւէ քաղաքացու խոսքի ազատության իրավունքը, կարո՞ղ է նա արդյունավետ պաշտպանություն իրականացնել։ Կասկածում եմ։ Մանավանդ որ Քրեական օրենսգիրք ներմուծված, իր իսկ պաշտպանած ու հավանած 137.1 հոդվածով արդեն մի քանի տասնյակ քրեական գործեր են հարուցված, շատերը զավեշտալի բառերի համար, իսկ ինքը ճեպազրույցում էլ, ըստ էության, դրական արտահայտվեց այդ հոդվածի մասին։
Գործեր են հարուցված, որովհետեւ տիկին Գրիգորյանի հավանած քրեական հոդվածը այդպես էլ չի տվել «հայհոյանք» եզրույթի իրավական ձեւակերպումը, եւ հիմա ցանկացած կիսագրագետ ոստիկան կամ քննիչ կարող է հայհոյանք որակել, օրինակ, իրենց հասցեին ասած իմ «կիսագրագետ» բառը։ Ո՞ւմ կպաշտպանի տիկին Գրիգորյանը, եթե նման դեպքում հանկարծ տողերիս հեղինակը դիմի նրան։ Վստահաբար՝ ոստիկանությանը, քանի որ դա ի՛ր հավանած օրենքով է։
Կարո՞ղ է, արդյոք, անաչառ լինել տիկին Գրիգորյանը, երբ հիշյալ ճեպազրույցի ժամանակ խաղաղ հավաքներում ոստիկանական գործողությունները գնահատելու փոխարեն տալիս է այսպիսի լղոզված պատասխան. «Սա մեր երկրում շարունակում է մնալ համակարգային խնդիր, սա են վկայում Մարդու իրավունքների գրեթե բոլոր պաշտպանների կողմից և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հրապարակված մի շարք վճիռներ, որոնք հստակ ցույց են տալիս, որ այս խնդիրը շարունակում է մնալ համակարգային»:
Նման «կռուտիտին» կնախանձեին ամենադեմագոգ ՔՊ-ականները, հայտնի քաղաքական գործիչները եւ անգամ Միխայիլ Գորբաչովն ու Դոնալդ Թրամփը։
Իսկ հիմա ամենակարեւորը. ՀՀ Սահմանադրության 192-րդ եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածները սահմանում են, որ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել (այլ պահանջների թվում) «հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող» անձը։ Մի կողմ եմ թողնում մտքի գիգանտ սահմանադրագետների հորինած ոչ հայերեն «բարձր հեղինակություն» բառակապակցությունը, մի կողմ եմ թողնում անգամ, որ դա անչափելի պահանջ է։ Բայց, այսուհանդերձ, գրված է, եւ ստիպված ենք առաջնորդվել դրանով։
Եթե մարդը համաձայնություն է տվել առաջադրվել այդ պաշտոնում, նշանակում է ինքն էլ է համարում, որ «հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող» անձ է։
Հիմա հարց թեկնածուին՝ իսկ որտե՞ղ եք Դուք, հարգելի տիկին Գրիգորյան, ձեռք բերել այդ «բարձր հեղինակությունը», ո՞նց եք չափել Ձեր հեղինակության «բարձրությունը», որ համաձայնել եք դառնալ Մարդու իրավունքների պաշտպան։ Մինչ այս առաջադրումը Հայաստանում քանի՞ մարդ էր ճանաչում Ձեզ՝ որպես «բարձր հեղինակություն վայելող անձի», հասարակության ո՞ր մասն էր ծանոթ Ձեր գործունեությանը։ Եվ, ընդհանրապես, է՞լ ինչ գործունեությամբ եք աչքի ընկել, բացի «ծանր վիրավորանքը» քրեականացնելը կրծքով պաշտպանելուց։
Հարցերս հռետորական են, որովհետեւ պատասխան չունեն։
Հարգելի տիկին Գրիգորյան, ես՝ համեստ մի լրագրող եւ լրատվամիջոցների ու խոսքի ազատության հարցերով համեստ մի փորձագետ (որ անգամ այդ ոլորտներում իրեն «բարձր հեղինակություն վայելող» չի համարում), Ձեզ՝ «հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող» անձին, հորդորում եմ. քանի ուշ չէ, հանեք Ձեր թեկնածությունը։ Ասե՞մ ինչու։ Ձեզ առաջադրել է էս պահին չնչին վարկանիշ ունեցող քաղաքական մի ուժ։ Դուք կաշկանդված եք լինելու հենց այդ առաջադրմամբ։ Ձեզ զանգելու են ՔՊ-ական «տասովշիկները», որ իրենց «ախպորը հանկարծ չնեղացնեք, լավ ա արել, քո՛ւր, որ հանրահավաքների մասնակիցներին կալանավորել ա, բա ո՞նց են համարձակվում վսեմափայլ վարչապետի դեմ բողոքել…»։
Կարողանալո՞ւ եք հեռախոսը նետել նրանց կուշտ մռութներին, թե՞ նրանց՝ այդ «տասովշիկների» իրավունքներն եք պաշտպանելու, որովհետեւ նրանք էլ են մարդ, ավելի ճիշտ՝ ունեն մարդուն բնորոշ բոլոր արտաքին ատրիբուտները՝ գլուխ, քիթ, բերան, ձեռքեր եւ այլն։ Ուրիշ հարցերով էլ են զանգելու։ Չե՞ք հավատում շարքային քաղաքացուս խոսքերին, մի անգամ էլ լսեք Հայկ Մարությանի ելույթը։ Նա նույնպես չէր կարծում, թե իրեն կզանգահարեն իր «հեղափոխական» ընկերներն ու կդիմեն ապօրինություններ կատարելու խնդրանքով...»։
Մեսրոպ Հարությունյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում